Քառօրյա պատերազմում վնասված Մատաղիսի ՀԷԿ-երը վերականգնվել են

Քառօրյա պատերազմում վնասված Մատաղիսի ՀԷԿ-երը վերականգնվել են

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հրետակոծության ենթարկված «Մատաղիս 1» և «Մատաղիս 2» փոքր հիդրոէլեկտրակայանների (փհէկ) աշխատանքը վերականգնվել է:

Ինչպես հայտնում է «Արցախպրեսը», այդ մասին ասել է «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրեն Արմեն Գասպարյանը:

Նրա խոսքով` հրետակոծության հետևանքով հիմնականում վնասվել են փհէկ-երի աշխատանքն ապահովող շինությունները, ինչպես նաև «Մատաղիս 1»-ի գեներատորներից մեկը` 1,6 մեգավատ հզորությամբ, որն այժմ վերանորոգվում է Երևանում և հուլիսի կեսին շահագործման կհանձնվի:

«Հրետակոծության ժամանակ մեր աշխատակիցները գտնվել են հէկ-երի շենքերում և զեկուցել են, որ արկերից մեկն ընկել է շենքի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Նրանք անմիջապես հրդեհամարման աշխատանքներ են ձեռնարկել, այնուհետև մեր հրահանգով կանգնեցրել են հէկ-երի աշխատանքը, փակել ջրի փականները և դուրս եկել տարածքից: Արդեն ապրիլի 6-ին մենք սկսել ենք վերականգնողական աշխատանքները, իսկ ապրիլի 16-ին 2 հէկ-ն էլ գործարկվել է:Այս ընթացքում հասցրել ենք վերականգնել «Մատաղիս 1»-ի բոլոր կոնստրուկցիաները, այժմ էլ աշխատանքներ են տարվում «Մատաղիս 2»-ում»,-մանրամասնել է Ա. Գասպարյանը` հավելելով, որ հրետակոծության հետևանքով վնասվել էին նաև ենթակայանի մալուխներ, մետաղական կոստրուկցիաներ և օդային գիծը:

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն ինտենսիվ հրետակոծում էր Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Թալիշը, Մարտակերտն ու Մատաղիսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---