ՀՀ պատվիրակությունը՝ ԵԽԽՎ-ում. Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա

ՀՀ պատվիրակությունը՝ ԵԽԽՎ-ում. Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա

PanARMENIAN.Net - Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա: Այս մասին ԵԽԽՎ նիստի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման է դրվել «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը:

«Հունիսի 10-ին աշխարհը նշում էր Փախստականների միջազգային օրը՝ մի օր, երբ մենք պետք է մի պահ կանգ առնենք և մտածենք, օր, երբ պետք է գործենք և հոգ տանենք:

Միգրանտների և փախստականների խնդիրը վերաբերում է ամբողջ Եվրոպային, և մեր բոլորի համար թիվ մեկ և ամենադժվար խնդիրը միգրանտներին «ոչ տանը լինելու» զգացողությունից ազատելն է: Նախ և առաջ մենք պետք է հասկանանք, որ միգրանտները կամ փախստականները, ինչպես էլ մենք անվանենք նրանց, սովորական մարդիկ են, մարդիկ, ովքեր հարկադրված լքել են իրենց հայրենիքը և հանգամանքների բերումով բնակություն հաստատել օտար պետություններում: Օտար երկրում նրանք ինտեգրվելու խնդիր ունեն, խնդիր ունեն ընդունելու նոր երկիրը և ընդունվելու այն նորի կողմից:

Իմ ժողովրդի պատմությունը նույնպես փաստում է այդ մասին. հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և նոր ապաստան գտնել օտար երկրներում, որպեսզի փրկվեն կոտորածից: Հարյուր տարի առաջ նրանք տեղահանվել են թուրքերի կողմից կատարված Ցեղասպանության պատճառով», - ասել է Կարապետյանը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանն ապաստան է տվել մոտ 30.000 փախստականի, ընդունել է մի շարք օրենսդրական կարգավորումներ` այդ մարդկանց գործարար ոլորտում տալով արտոնություններ լիարժեք ինտեգրվելու նպատակով:

«Մեր կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Հայաստանում ապաստան գտած մարդկանց կյանքի նորմալ պայմաններն ապահովելու նպատակով:

Եվրոպական շատ երկրներ են ապաստան տվել փախստականների և այժմ էլ բարձրացնելով նրանց անվտանգության ապահովման մասին այս նուրբ հարցը` մենք ի ցույց ենք դնում միգրանտների նկատմամբ մեր բոլորի հոգատարությունը:

Սակայն, Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող մի պետություն` Թուրքիան, փախստականների հանդեպ ունի այլ մոտեցում` դարձնելով նրանց քաղաքական շահարկումների և անգամ շանտաժի գործիք: Նա նույնիսկ սպառնում է հարևան պետություններին «միգրանտների համար սահմանը բացելով»: Արդյո՞ք սա ընդունելի պահվածք է Եվրոպայի համար: Համոզված եմ` ոչ», - նկատել է Կարապետյանը:

Ելույթով հանդես է եկել նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ՝ խստորեն դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը:

Շնորհակալություն հայտնելով համազեկուցողներ Գոդսքեսենին և Վուցկովիչին զեկույցի վրա կատարած զգալի աշխատանքի և դրա համապարփակ բնույթի համար` Հերմինե Նաղդալյանը նշել է, որ այդ փաստաթուղթն առաջ է քաշում այն բոլոր լրջագույն մտահոգությունները, որոնց Թուրքիան պետք է անհապաղ անդրադառնա:

Այս զեկույցը պարզորոշ մատնանշում է Թուրքիայում լայնամասշտաբ ժողովրդավարական հաստատությունների պակասը:

Ի թիվս բազմաթիվ խնդիրների և լուրջ խախտումների` օրենքի գերակայության, օրենսդրության, դատական իշխանության, համայնքների միջև հարաբերությունների հաստատման ոլորտներում, զեկույցում նաև հատուկ անդրադարձ է կատարվում խոսքի ազատության և ԶԼՄ-ների վրա քաղաքական ազդեցությանն ու սահմանափակումներին, հետաքննող լրագրողների, ակադեմիկոսների և շարքային քաղաքացիների հետապնդմանը:

«Ցանկացած փորձ` ճշգրիտ տեղեկատվություն հայթայթելու, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից, հալածվում և ճնշվում է Թուրքիայում»,- նշել է Նաղդալյանը` որպես այդ դեպրեսիվ քաղաքականության զոհերից մեկի՝ հիշատակելով Հրանտ Դինքին՝ հայկական ծագմամբ ականավոր թուրք լրագրողին, ով ցինիկաբար սպանվեց Ստամբուլում, 2007թ.-ին:

«Դինքը բարձրացնում էր հայերի Ցեղասպանությանն առնչվող հարցեր, նա հայկական և թուրքական հասարակությունների հաշտեցման կողմնակից էր. պայքարում էր մարդկային արժանապատվության և ազատությունների համար` իր երկրում` Թուրքիայում»,- նշել է Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել և եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել մայիսի 20-ին թուրքական խորհրդարանի կողմից ընդունված մի օրինագծի առնչությամբ, որը թույլատրում է օրենսդիրների դեմ քրեական հետապնդումը:

«Նոր օրենքը թիրախավորված է ընդդիմադիր օրենսդիրների դեմ: Ընդդիմությունը ներկայացնող մեր խորհրդարանական գործընկերները Թուրքիայում իրական վտանգի տակ են: Կցանկանայի հիշեցնել, որ 1915 թվականի առաջին զոհերը եղել են Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները, այսինքն՝ հարյուրամյակ է անցել, բայց ինչ մեթոդներով որ 101 տարի առաջ են լուծել հայերի հարցը, այդպես էլ այսօր քրդերի հարցն են լուծում: Եկեք կանխենք պատմության կրկնությունը», - բարձրաձայնել է տիկին Նաղդալյանը:

Նաղդալյանն արձանագրել է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման որոշումն առաջացրել է թուրքական իշխանությունների վրդովմունքը: Նաղդալյանը փաստել է, որ գերմանացի օրենսդիրներն ականատես եղան աննախադեպ ատելության կոչերի և ահաբեկման դրսևորումների: Բանաձևի նախաձեռնողները մահվան անանուն սպառնալիքներ ստացան, նրանցից ոմանք ոստիկանության պաշտպանության տակ անցան:

Նախագահ Էրդողանն արյան անալիզ պահանջեց թուրքական ծագմամբ գերմանացի օրենսդիրներից, մինչդեռ «ինչպես նշեց Բունդեսթագի նախագահը` «…մարդկանց արյամբ տարորոշելու դարաշրջանն ավարտվել է դեռևս 1945-ին»:

«Ցավոք, ոչ Թուրքիայում, պարոն Լամերթ»,- ասել է Նաղդալյանը:

Նա անդրադարձել է նաև մշակութային ժառանգության պահպանման խնդրին:

«Ժամանակակից Թուրքիայում պատմականորեն գոյություն ունեն հազարավոր հայկական մշակութային և հոգևոր հուշարձաններ, որոնք շարունակաբար և միտումնավոր ոչնչացվել են: Սա թուրքական կառավարության կողմից նախապես ծրագրված հայկական մշակույթի նյութական վկայությունները վերացնելու քաղաքականությունն է»,- ասել է Նաղդալյանը` հավելելով, որ 1915 թվականի Ցեղասպանությունը ներկայում շարունակվում է` հայկական ժառանգության դեմ մշակութային ցեղասպանության տեսքով:

«Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան ժամանակաշրջանի Թուրքիայի, կայսրությունում գործող արժեքների անմիջական ժառանգորդի»,- ընդգծել է Նաղդալյանը` եվրոպացի խորհրդարանականներին կոչ անելով որպես առաջին քայլ և առաջին հերթին ի շահ Թուրքիայի՝ մոնիթորինգի գործընթաց սկսել այդ երկրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---