Գործադիրը հաստատել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունները. Համաձայնեցվել է ընդդիմության հետ

Գործադիրը հաստատել է  Ընտրական օրենսգրքում  փոփոխությունները. Համաձայնեցվել է ընդդիմության հետ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստում հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերի փաթեթին:

2016-ի հունիս 16-ին կայացել է ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնություն (կոնսենսուս), որի շրջանակներում քաղաքական ուժերը համաձայնություն են ձեռք բերել փոփոխություններ և լրացումներ կատարել Ընտրական օրենսգիրքում` դրանում արտացոլելով համաձայնության արդյունքում առաջարկվող դրույթները և միջոցառումները: Բացի կոնսենսունսի արդյունքում ամրագրվող դրույթներից անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև դիտորդների ստուգարքի վերաբերյալ կանոններ, ինչպես նաև բողոքարկման համար սահմանված ժամկետները:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը նշել է, որ առաջարկվում է Ընտրական օրենսգրքում ամրագրել հետևյալ դրույթները. «Թեև օրենսգիրքը սահմանում է, որ դիտորդների համար կազմակերպվող դասընթացի նպատակն ընտրական օրենսդրության վերաբերյալ միայն տարրական գիտելիքների և դիտորդի իրավունքների ու պարտականությունների իմացության ապահովում է, սակայն հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները` նախագծով առաջարկվում է հանել մասնագիտական դասընթացների մասնակցության և որակավորման վկայական ունենալու վերաբերյալ պարտադիր պահանջները:

Երկրորդ փոփոխությամբ` էականորեն վերանայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը և երկարացվել են բողոքարկման ժամկետները, սակայն հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարևորությունը` առաջարկվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների գործողությունների կամ անգործության քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացնելու ժակետներ սահմանել քվեարկության հաջորդ օրը` ժամը 12-ից մինչև 18-ը, կամ քվեարկությունից հետո` երկրորդ օրը ժամը 9-ից 11-ը` 09:30-ի փոխարեն». մեջբերում է Panorama.am-ը:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օրենսգրքի 23-րդ հոդվածի վերնագրում և առաջին մասում «քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող պետական կամ համայնքային ծառայողները» բառերը փոխարինել հանրային ծառայող բառերով, պայանավորված մեկ միասնական հասկացություն կիրառելու անհրաժեշտությամբ:

Նաև առաջարկվում է ԱԺ ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և համացանցային հեռարձակում` առցանց ռեժիմում` հատուկ ստեղծված կայքերի միջոցով: Տեսանկարահանումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպության կողմից:

Հաջորդ փոփոխությամբ` առաջարկվում է ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգ: Առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և նույնականացման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակներում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում, քաղաքացին համարվում է նույնականացման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար տվյալ օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր և այլ տվյալներ: Այն դեպքում, երբ անձը չի եղել ՀՀ տարածքում, սահմանված ժամկետում չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար և չի ստացել նույնականացման քարտ` նա կարող է մասնակցել ընտրություններին` ընտրողների լրացուցիչ ցուցակներով:

Սարգսյանը նշել է, որ քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվելու է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքերով, ընտրողը դուրս է հրավիրվելու քվեարկության սենյակից, եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզի, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը: Էկրանին հայտնվելու է կարմիր նշան և համապատասխան մասնագետը տեղամասային հանձնաժողովին տեղեկացնելու է այդ մասին:

Ընտրողների ստորագրված ցուցակներն արդյունավետ ստուգելը լիարժեք հասանելի դարձնելու համար էլ ներդրվելու է հետևյալ մեխանիզմը. Ընտրական օրենսգիրքը ցուցակների լիարժեք ստուգումը իրականացնելու համար նախատեսում է այն ընթացակարգը, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորման միջոցով տպվելու է տեղեկանք, որում, առանց ընտրական տեղամասի համարը նշելու, նշված լինելու տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ընդորում տեղեկանքի մեկական օրինակ ըստ պահանջի տրամադրվելու է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական վստահված անձի:

Բացի դրանից տեղեկանքի մեկ օրինակը սոսնձվելու է առանձին թղթի վրա, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հնարավորություն է ընձեռվելու լուսանկարելու այն: Առաջարկվող կարգավորումը վերոգրյալ մեխանիզմի հետ մեկտեղ ամրագրում է այն դրույթը, որ տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումը իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

Բացի դրանից, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկ վստահված անձը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը11.00-ն կարող է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել դիմում`տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Կարդացեք նաև՝ Զուրաբյանը՝ ԸՕ շուրջ փոխհամաձայնության մասին. Պատմական իրադարձություն է, բայց երաշխիքներ չկան

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---