Ամուր տանիք՝ վագոն-տնակում 20-ամյա կեցությունից հետո

Ամուր տանիք՝ վագոն-տնակում 20-ամյա կեցությունից հետո

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցները Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում մասնակցել են Խաչատրյանների կիսակառույց տան շինարարությանը: Կամավորներն օգնել են տանիքում ջերմամեկուսիչ խարամ լցնել և բետոնապատման աշխատանքներ կատարել:

Խաչատրյանների երկու որդիներից ավագը նոր է վերադարձել զինվորական ծառայությունից՝ հերթը փոխանցելով կրտսեր եղբորը: 20 տարի մետաղական վագոն-տնակում ապրած ընտանիքն ինը տարի առաջ նախաձեռնել է տան շինարարություն՝ կասկածի տակ չառնելով երազանքն իրականացնելու հնարավորությունը: Սկսած գործը, սակայն, անավարտ է մնացել:

«Երբ ամուսնացա, հորս տանն էինք ապրում՝ եղբորս ընտանիքի հետ: Տունը փոքր էր: Տեղափոխվեցինք վագոն-տնակ ու մնացինք այնտեղ: Կրտսեր որդիս այստեղ է ծնվել: Տղաներիս հասակ առնելու հետ մեծացավ նաև ընտանիքի հոգսը ու այդպես էլ չկարողացա ավարտել տան շինարարությունը: Երախտապարտ եմ այս հնարավորության համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մելքոն Խաչատրյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ՝ հարյուրից ավելի ընտանիք արդեն զգացել է բարեկարգ տուն ունենալու բերկրանքը: Ծրագրի շնորհիվ ընտանիքները ավարտել են կիսակառույց տան շինարարությունը և/կամ վերանորոգել տանիքը, ինչը բնակարանային ֆոնդի պահպանման համար ամենակարևոր պայմաններից է, սակայն՝ ընտանիքների համար մեծ դժվարություն է ներկայացնում՝ ծախսատարության պատճառով: Այս տարվա բնակարանաշինության ծրագրով ևս 41 ընտանիք ապահով տանիք կունենա:

«Ամեն անգամ, երբ բնակարանաշինության ծրագրի շրջանակներում հանդիպում եմ աջակցություն ստացած հերթական ընտանիքին և տեսնում նրանց ապրումներն ու հուզմունքը՝ հասկանում եմ, որ դա հատուկ է ուժեղ մարդկանց: Այս մարդիկ տարիներ շարունակ լուռ արժանապատվությամբ անցել են դժվարությունների միջով, սակայն չեն չհուսահատվել, շարունակել են ելք փնտրել: Այսօր նրանց ջանքերը պսակվել են հաջողությամբ: Պիտի խոստովանեմ, որ այս ընտանիքների նոր հույսի հետ ամրանում է նաև ծրագրի իրականացման անհրաժեշտության՝ մեր հավատը: Երկրում հաղթահարված յուրաքանչյուր խնդիր բոլորիս հաղթանակն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«2007թ-ից Արագածոտնի մարզում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվում է արդեն 14-րդ տան շինարարությունը: Շահառուները տարբեր ընտանիքներ են՝ տարբեր հոգսերով: Ամենածանր բեռը, սակայն, բնակարանային խնդիրն է: Այս ընտանիքների համար գեթ մեկ հենարան է հարկավոր իրենց կենցաղը նորովի կազմակերպելու համար: Եվ այդ հենարանը բնականաբար տունն է՝ օջախը, որը կհյուրընկալի ընտանիքներին ու դեռ շատ սերունդների կացարան կդառնա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2016թ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար հատկացրել է գրեթե 105 մլն. ՀՀ դրամ /2015թ.-ին՝ 100 մլն. ՀՀ դրամ/: 2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, աջակցություն ստացած ընտանիքների թիվը մինչև տարեվերջ կհասնի 134-ի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---