3 վիրավոր զինծառայող դեռևս վերակենդանացման բաժանմունքում է

3 վիրավոր զինծառայող դեռևս վերակենդանացման բաժանմունքում է

PanARMENIAN.Net - Վիրավոր զինծառայողներից 3-ը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, բոլորի մոտ կայուն դինամիկա կա դրական միտումներով: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վիրավոր զինծառայողների առողջական վիճակին, հայտնում է Tert.am-ը:

Նա հավելել է, որ վիրավորներից Ռոլանդին կարողացել են նաև բակ իջեցնել: «Ես հուսով եմ, որ հետո կապաքինվեն, կտեղափոխվեն պալատ: Չորս վիրավոր էր, որոնցից մեկն արդեն տեղափոխվել է պալատ»,-ասել է նա:

Գերմանիայի Համբուրգ քաղաքում բուժում ստացող Արման Լեզգինյանի առողջական վիճակի վերաբերյալ Արմեն Մուրադյանն ասել է, որ յուրաքանչյուր օր կապ են հաստատում հիվանդանոցի աշխատակիցների հետ և այսօրվա դրությամբ նրա մոտ կայուն վիճակ է։ «Արմանի մոտ կայուն վիճակ է: Ակնկալիքներ կան, որ հետագայում նա կտեղափոխվի նեղ մասնագիտացված հիվանդանոց, որի հետ ևս փորձում ենք կապ հաստատել»,-ասաց Մուրադյանը:

Անդրադառնալով նաև այլ վիրավորների արտերկիր տեղափոխելու նպատակահարմարությանը, հաշվի առնելով, որ Գերմանիա տեղափոխված զինծառայողի մոտ նկատելի դրական դինամիկա կա` Արմեն Մուրադյանն ասել է, որ այդ նույն դրական դինամիկան ակնկալվում էր նաև Հայաստանում, ինչի մասին վկայում են նաև գերմանացի բժիշկների գրառումները:

Դիտարկմանը, թե Արման Լեզգինյանի ծնողները բողոքում են, որ պետական աջակցություն չեն ստացել, նախարարը չհամաձայնեց. «Այդպիսի բան չի կարող լինել, որ պետությունը մասնակցություն չունենա, որովհետև սկսած առաջին գծից մինչև նեղ մասնագիտական բուժօգնություն պետական հովանու ներքո է եղել։ Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա հիվանդանոցը նպատակահարմար է գտել, որ ինքը կհովանավորի և բարերարության կեցվածքով հանդես կգա, ինչը ողջունելի է»,-ասել է նախարարը:

Ավելին՝ նախարարը համոզմունք է հայտնել, որ նման կեցվածքով հանդես եկող բարերարները հետագայում էլ կփորձեն հոգալ այն ծախսերը, որոնց կարիքը տղաները կունենան, իսկ նման ծախսեր լինելու են:

Ինչ վերաբերում է Հայաստանում բուժում ստացող զինծառայողներին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելուն, ապա, նախարարն ասել է, որ եթե լինեն համապատասխան դիմումներ, ապա կձևավորվի մասնագիտական հանձնաժողով, որն էլ լուծում կտա արտերկրում բուժում ստանալու մասին հարցերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---