«Ֆրեսկո» արդի արվեստի միջազգային փառատոնը՝ Երևանում և մարզերում

«Ֆրեսկո» արդի արվեստի միջազգային փառատոնը՝ Երևանում և մարզերում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ից 29-ը կայանալու է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը: Փառատոնն անցկացվում է «Ֆորմիկա Արտ» ընկերության, «Ծիածան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հոգևոր օրհնությամբ և աջակցությամբ:

«Ֆրեսկո» միջազգային նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոնի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: Ինչպես նաև մշակութային գործիչների շփումների ակտիվացումը և փոխշահավետ գործակցության դաշտի ստեղծումը, մասնագիտական փորձի փոխանակումը, Հայաստանում զբոսաշրջության զարգացման նպաստումը:

Հայաստան բերված ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս կգան կինոդահլիճներից ու կմտնեն փողոց:

Բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» միջոցառումները կանցկացվեն 10 օր շարունակ: Սովորական աթոռներին կփոխարինեն հատուկ պարկեր, իսկ փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն կլինեն հանդիսատեսի հետ, ժամանակավորապես կդառնան նրանց ուղեկից-ընկերը:

Քննարկումների վրա շեշտը դնող փառատոններ անցկացվում են շատ երկրներում /ԱՄՆ, Իտալիա, Ռուսաստան, Լեհաստան/: «Ֆրեսկո»ն խտացրել է այս ոլորտում միջազգային հաջող փորձն ու հայաստանյան փառատոնների լավագույն առանձնահատկությունները` ներկայանալով մեր երկրում իր տեսակի մեջ եզակի մոտեցումներով:

Փառատոնի միջոցառումները

• ֆոտոցուցահանդեսներ

• քննարկումներ կինոգործիչների մասնակցությամբ

• վարպետության դասեր արվեստագետների մասնակցությամբ

• նորարական ներկայացումներ

• համերգային ծրագրեր / միջազգային ֆոլկ խմբեր, դասական, ազգային, ջազ/

• կինոդիտումներ /բացօթյա և փակ տարածքներում/

• վրանային կինոճամբարներ

Իրականացման վայրերը

• ՀՀ Տավուշի մարզ` ք. Դիլիջան, Հաղարծնի վանք

• Երևան քաղաք, «Կարապի լիճ»

• եկեղեցիներ

• մշակութային հաստատություններ

«Ֆրեսկո-2016թ-ի» փառատոնի ծրագիրը

Ծրագրում կընդգրկվեն ֆիլմերի ցուցադրություններ – քննարկումներ արտերկրից ժամանած կինոգործիչների հետ, բազմաժանր համերգներ, նորարական միջազգային արվեստների նմուշների ցուցադրություններ, մարզային ճամբարներ:

Նախատեսվում է ֆոտոարվեստում նոր ժանրի՝ այֆոնոգրաֆիայի ֆոտոցուցահանդես – քննարկում Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր՝ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի մասնակցությամբ: Կկազմակերպվի հանրահայտ հաղորդավար, արվեստագետ իսրայելացի Դ. Բրիկմանի ֆոտոցուցահանդեսը և վարպետության դասերը:

«Կարապի լճի» ամբողջ երկայնքով և նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ նախատեսվում է կազմակերպել լայնամասշտաբ բացօթյա համերգներ՝ դասական, ջազաային և ազգագրական:

Փառատոնի մի մասը անց է կացվում Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող մշակութային արշավների: Այս տարի փառատոնի վրանային ճամբարը տեղի կունենա Տավուշի մարզում: Հայաստանից և այլ երկրներից արվեստագետներ, կինոգետներ, երաժիշտներ, մտավորականեր և իհարկե արվեստասեր անձիք՝ տարբեր ԲՈՒՀ-երից, կազմակերպություններից, անվճար ավտոբուսներով կտեղափոխվեն Տավուշի վրանային ճամբար: Երեք օր շարունակ կներկայացվեն հայկական և տարբեր ազգերի մշակությաին ձեռքբերումները: Մասնակիցները հնարավորություն կունենան հանդես գալ իրենց արվեստով, ունակություններով և տաղանդով:

Փառատոնը նաև մեծ կարևորություն է տալիս տեղի համայնքի ներգրավմանը: Ֆրեկոյի հանդիսվար բացումը տեղի կունենա քաղաք Դիլիջանում՝ սիրված երաժիշտների կատարմամբ, ինչպես նաև նորարարական թատերական ներկայացումների մասնակցությամբ, ինչը, անկասկած, թարմություն կհաղորդի փառատոնին և կնպաստի ավելի շատ մասնակիցների ներգրավմանը:

Մարզային վրանային ճամբարը կտեղակայվի Հաղարծինի վանքային համալիրի տարածքում:

Ճամբարում կցուցադրվեն աշխարհի այն ֆիլմերը (խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային և այլ), որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, խտրականությունը, քարոզում` խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն, բարություն, հայրենասիրություն, անդրադառնում են ընտանեկան արդիական խնդիրներին և ուղղված են վերականգնելու ընտանեկան արժեքները, երիտասարդների հոգևոր և բարոյական դաստիարակությանը, որոնք առողջ ապրելակերպի և դրական աշխարհայացքի մասին են: Ֆիլմերի ռեժիսորների և հերոսների հետ կկազմակերպվեն քննարկումներ և վարպետության դասեր: Ֆիլմերի ցուցադրությունները կկազմակերպվեն ինչպես եկեղեցու տարածքում տեղադրված էկրանին, այնպես էլ եկեղեցու գավիթներում, ինչը յուրահատուկ խորհրդավորություն կհաղորդի փառատոնին:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը առաջին անգամ կազմակերպվել է 2014-ին: 2015-ին անցկացվել է հունիսի 27-ից հուլիսի 5-ը՝ «Ֆորմիկա Արտ» ընկերության և «Ծիածան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Փառատոնի հիմնական գաղափարախոսությունը խաղաղությունն էր, իսկ ամբողջ ծրագիրը նվիրվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին: 2015-ին փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված էր հինգ տասնյակից ավել ֆիլմ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Կանադայից, Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրանից, Իրաքից, Հարավային Կորեայից, Իսրայելից և այլ երկրներից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---