Էլէներգիայի սակագինը նվազել է 2.5 դրամով, բայց օգոստոսից բնակչությունը 4.4 դրամով ավելի կվճարի

Էլէներգիայի սակագինը նվազել է  2.5  դրամով, բայց օգոստոսից բնակչությունը   4.4  դրամով ավելի կվճարի

PanARMENIAN.Net - 2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 5.9 տոկոսով կամ 2.58 դրամով: Որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 24-ի նիստում:

Հանձնաժողովն առաջարկում է տնային տնտեսությունների համար կՎտ/ժ-ի սակագինը ներկայիս 48.78 դրամից նվազեցնել մինչև 46.20 դրամ (ցերեկային) և 38.78-ից մինչև 36.20 դրամ` գիշերային, գրում է Panorama.am-ը:

Սակայն, 2016-ի հուլիսի 31-ին Կառավարության և ՀԷՑ-ի նոր սեփականատեր «Տաշիր»-ի կողմից էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումն ավարտվում է: 2015-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել էր 6.9 դրամով: Ստացվում է, որ բնակչությունը մոտ 4.4 դրամով ավելի կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց:

Այսպիսով, ՀԾԿՀ-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015-ի հունիսի 17-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 1-ի №233Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին մասին» որոշումը:

Կառավարությունը 2015-ի հոկտեմբերի 29-ին որոշում է ընդունել բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին՝ մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին: Փոխհատուցման տրամադրումը հավասար չափով ստանձնել են կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Ընդ որում, այդ պարտավորությունը գործում է սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ սկսած օգոստոսի 1-ից մինչև 2016-ի հուլիսի 31-ը։

#ElectricYerevan

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեծ՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին:

Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառումը զայրացրեց հասարակությանն ու հաջորդ երեկոյան Բաղրամյանում արդեն հազարավոր մարդիկ հավաքվեցին նույն պահանջով՝ չեղարկել սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Բազմաթիվ ցուցարարներ գիշերներ էին լուսացնում Բաղրամյան պողոտայում: Արդեն հունիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի, ու մինչև դրա եզրակացության արդյունքների հրապարակումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Նա ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան, բայց վերջիններս հայտարարեցին, թե շարունակելու են բողոքի ակցիան, քանի որ իրենց պահանջը որոշման չեղարկումն էր: Արդեն հաջորդ օրը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ցուցարարների հետ քննարկման արդյունքում որոշեցին՝ պետք է նստացույցը շարունակել Ազատության հրապարակում ու քննարկել հաջորդ քայլը, բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին: Այդպիսով, հավաքվածների մի մասը տեղափոխվեց Ազատության հրապարակ, մեծամասնությունը՝ մնաց Բաղրամյանում, նշելով, որ պահանջը չի փոխվել ու այնքան են մնալու, մինչև որոշումը չչեղարկվի, ոչ թե կասեցվի:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արդեն հուլիսի 3-ին ՀՀ ՀՔԾ-ն քրգործ հարուցվեց հունիսի 23-ի ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվեց ՀՀ ՔՕ 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---