Էրդողանին «Մատանիների տիրակալ»-ից Գոլումի հետ համեմատած քաղաքացին դատապարտվել է ազատազրկման

Էրդողանին  «Մատանիների տիրակալ»-ից Գոլումի հետ համեմատած քաղաքացին դատապարտվել է ազատազրկման

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անձնական վիրավորանք հասցնելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացի Ռըֆաթ Չեթինը դատապարտվել է 1 տարի 15 օրվա ազատազրկման:

Չեթինը հայտնել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը, քանի որ այն ժամանակ Էրդողանը դեռևս վարչապետ էր և իր գրառումը չէր կարող համարվել վիրավորանք նախագահի հասցեին:

Երբ Էրդողանը դեռ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Չեթինը Facebook-ում տեղադրել էր մի նկար, որտեղ համեմատել էր Էրդողանի և «Մատանիների տիրակալը» եռապատումի կերպարներից մեկի՝ Գոլումի դեմքի արտահայտությունները:

1 տարի 3 ամսվա բանտարկության դատապարտված Չեթինի պատիժը իջեցվել է 1 տարի 15 օրվա, իսկ պատժի կիրառումը հետաձգվել է 5 տարով, թուրքական Diken-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Էրդողանին Գոլումին նմանեցրած մեկ այլ քաղաքացու՝ բժիշկ Բիլգին Չիֆթչիի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին: Չիֆթչին դատական վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է արդարացվել՝ հաշվի առնելով ոչ թե Գոլումի լավ կամ վատ կերպար լինելը, այլ խոսքի ազատության իրավունքը:

Վերջին տարիներին Թուրքիայի քաղաքացիների դեմ, այդ թվում լրագրողների, իշխանությունները տասնայկ հայցեր են ներկայացրել պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքով: Ըստ օրենքի նախագահին հրապարակավ վիրավորելու համար նախատեսվում է տուգանք կամ 1-4 տարվա ազատազրկում:

2016-ի հունվարին Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակչուհի Ֆիլիզ Ակընջին դատապարտվել է 11 ամսվա և 20 օրվա ազատազրկման երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական ժեստի համար: Միջադեպը տեղի է ունեցել Իզմիրում 2014-ի մարտին, երբ Էրդողանը դեռ վարչապետ էր և հեռանում էր իր կուսակցության նախընտրական հանրահավաքից: Պատշգամբում կանգնած Ակընջին իբր նրան ինչ-որ ժեստ է ցույց տվել ձեռքով, որն Էրդողանը վիրավորական է համարել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---