Անին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառվելու թեկնածու

Անին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառվելու թեկնածու

PanARMENIAN.Net - Նախկինում Բագրատունիների արքայատոհմի մայրաքաղաքը հանդիսացող Անի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառվելու թեկնածու է դարձել: Անին հազարամյակների պատմություն ունի, գրել է թուրքական Taraf պարբերականը, հայտնում է Tert.am-ը: :

Հուլիսի 10-20-ը Ստամբուլում կայանալու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի նիստը: 40-րդ հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամներն ուսումնասիրելու են տարբեր երկրների ներկայացրած հայտերը:

Թեև պաշտոնական փաստաթղթերում «Անը» է գրվում, սակայն իրական ու ճիշտ անվանումով Անին արժանի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության ցանկում ներառվելուն՝ ճիշտ այնքան, որքան ցանկում ներառված Թուրքիայի այլ հուշարձաններ:

ինչպես գրել է պարբերականը, ներկայում Անիում երևացող գրեթե բոլոր շինությունները կառուցվել են Բագրատունիների ժամանակաշրջանում: Բառի բուն իմաստով եկեղեցիների ու վանքերի քաղաք Անիին նայելիս առաջին հայացքից էլ զգում ես, թե հազարամյակներ առաջ որքան ազդեցիկ տեսք է ունեցել: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Բագրատունիների իշխանության տարիներին Անին մոտ 100 հազար բնակիչ ունեցող, առևտրով ու մշակույթով ակտիվ քաղաք է եղել, քաղաքի՝ անցյալում մնացած փառքն ավելի հստակ կպատկերացնենք:

Հոդվածում նշվում է, որ Անին, միևնույն ժամանակ, հայ ճարտարապետության ամենավառ ապացույցներից մեկն է: Քաղաքի ամենամեծ ու տեսարժան կառույցներից են Անիի մայր տաճարը, Գագիկի եկեղեցին, Սուրբ Գրիգորի վանքը, դրանց նման անկրկնելի կառույցները հայ ճարտարապետության՝ մեր օրերը հասած փայլուն օրինակներից են:

Սակայն Անիի մուտքին՝ Անիի մասին պատմող գրության մեջ անգամ մի տեղ հայ բառը չի նշվում: Խոսվում է սելջուկների, արաբական, բյուզանդական ժամանակաշրջանի մասին, սակայն շրջանցում է հայերին: Միայն մի տեղ նշվում է Բագրատունիների անունը, սակայն նրանց հայկական պատկանելիության մասին ոչ մի խոսք: Շատերը չգիտեն Բագրատունիների հայ լինելու մասին, և այդ բառը նրանց առանձնապես ոչինչ չի ասում:

Եթե Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտնվի, այս քաղաքի իրական անունն ու պատմությունը շատերը կլսեն, այդ թվում՝ Թուրքիայում, գրել է պարբերականը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---