Կաթողիկոսի ու Պապի հռչակագիրը՝ Ղարաբաղի, ցեղասպանության, խաղաղության ու ավանդական արժեքների մասին

Կաթողիկոսի ու Պապի հռչակագիրը՝ Ղարաբաղի, ցեղասպանության, խաղաղության ու ավանդական արժեքների մասին

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը:

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հռչակագրում անդրադարձ կա հարցերի լայն շրջանակին՝ ղարաբաղյան հարցից ու Հայոց ցեղասպանությունից մինչև թրաֆիքինգի հետ կապված խնդիրներ և ավանդական ընտանիքը: «Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում», - ասվում է հայտարարությունում:

Ցեղասպանության հարցը հիշատակվում է 2015թ, ապրիլի 12-ի պատարագը վերհիշելու համատեքստում՝ «վերակոչելով այն, ինչ արդեն հաստատվել էր Հովհաննես Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որ «մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների բնաջնջումն ընդհանրապես ընկալվում է իբրև Ի դարի առաջին ցեղասպանություն»:

«Մենք ընդունում ենք այն, ինչն արդեն իսկ արվում է, բայց պնդում ենք, որ ավելին պետք է արվի քաղաքական առաջնորդների և միջազգային կառույցների կողմից, որպեսզի ապահովված լինի բոլորի՝ խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը, պաշտպանված լինի օրենքի գերակայությունը, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, կանխված լինեն մարդկային թրաֆիքինգը և մաքսանենգությունը», - ընդգծվում է հայտարարությունում:

«Հասարակության ստվար հատվածների աշխարհիկացումը, օտարումը հոգևորից ու աստվածայինից, անխուսափելիորեն հանգեցնում են մարդու և մարդկային ընտանիքի ապասրբացմանն ու նյութապաշտական ընկալմանը: Այս առումով մենք մտահոգ ենք շատ երկրներում ընտանեկան կյանքի ճգնաժամով: Հայ և Կաթոլիկ եկեղեցիներն ընտանիքի մասին նույն ընկալումն ունեն, որը հիմնված է ազատ կամքով ու հավատարմությամբ ծնված սիրո արդյունք հանդիսացող տղամարդու և կնոջ ամուսնության վրա», - նշվում է տեքստում:

Հռչակագրի ողջ տեքստը՝ ստորև.

Հռչակագրում նշված է.«Այսօր համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում, մենք` Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Ֆրանցիսկոս պապը, ընծայում ենք մեր մտքերը և սրտերը որպես շնորհակալության տուրք Ամենակարողին` պայքարով քայքայված և սփոփանքի ու հույսի ծարավով լեցուն աշխարհում շարունակելու և մեծացնելու հավատի ու սիրո սերտ կապերը Հայոց եկեղեցու և Կաթոլիկ եկեղեցու միջև՝ փրկության ավետարանական ուղերձի իրենց համընդհանուր վկայությամբ:

Մենք փառաբանում ենք ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, ընձեռելու համար մեզ հնարավորությունը մեկտեղվելու բիբլիական Արարատի երկրում, որը կանգուն է որպես վկայություն, որ Աստված է միշտ մեր պաշտպանությունն ու փրկությունը»:

Հռչակագրում նշվում է, որ 2001-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով Հայաստան այցելեց Սուրբ Հովհաննես-Պողոս Բ Պապը՝ որպես Հայ և Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական ջերմ հարաբերությունների պատմության նոր էջի վկայություն:

«Մենք երախտապարտ ենք, որ շնորհն ենք ունեցել միասին լինելու Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիսավոր պատարագի ժամանակ, 2015թ, ապրիլի 12-ին, որտեղ մենք մեր հանձնառությունն արտահայտեցինք հակադարձելու բռնության ու անհանդուրժողականության ցանկացած դրսևորում՝ վերակոչելով այն, ինչ արդեն հաստատվել էր Հովհաննես Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որ «մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների բնաջնջումն ընդհանրապես ընկալվում է իբրև Ի դարի առաջին ցեղասպանություն» (Համատեղ հայտարարություն, Գարեգին Բ և Հովհաննես-Պողոս Բ, 27 սեպտեմբերի, 2001 թ.):

Ցավոք, մենք վկաներ ենք մեր աչքերի առաջ տեղի ունեցող մի մեծ ողբերգության՝ անթիվ անհամար անմեղ մարդկանց սպանությունների, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ ծագերում էթնիկ, տնտեսական, քաղաքական և կրոնական հիմքերի վրա զարգացող շարունակական բնույթի հակամարտություններով թելադրված տեղահանումների կամ պարտադրված ցավալի ու անորոշ աքսորների: Այդ ամենի արդյունքում կրոնական և էթնիկ փոքրամասնությունները դարձել են հալածանքների և դաժան վերաբերմունքի թիրախ, այն առումով, որ սեփական կրոնական համոզմունքի համար տառապելը դարձել է ամենօրյա իրականություն:

Մենք հորդորում ենք ազգերի առաջնորդներին՝ ունկնդրելու միլիոնավոր մարդկային արարածների կոչին, ովքեր խաղաղություն և արդարություն են տենչում աշխարհում, ովքեր հարգանք են պահանջում իրենց աստվածատուր իրավունքների նկատմամբ, ովքեր անհապաղ կարիք ունեն հացի, այլ ոչ թե զենքերի:

Ցավոք, մենք ականատես ենք կրոնի և կրոնական արժեքների արմատական դրսևորումների, որոնք կիրառվում են՝ ատելության, խտրականության ու բռնության տարածումն արդարացնելու համար: Նմանատիպ հանցանքների՝ կրոնական գաղափարներով արդարացումն անընդունելի է, քանի որ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ խաղաղության» (Ա Կոր. 14:33): Ավելին, կրոնական տարբերությունների հանդեպ հարգանքն անհրաժեշտ պայման է էթնիկ ու կրոնական տարբեր համայնքների խաղաղ համակեցության համար: Եվ հենց քրիստոնյա լինելով է, որ մենք կոչված ենք խաղաղության ու հաշտության ուղիներ փնտրելու և իրագործելու:

Այս իմաստով մենք հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում»:

Նշվում է, որ այն ամենը Հիսուսը սովորեցրեց Իր աշակերտներին, երբ Նա ասաց. «Ես սոված էի, և դուք ինձ հաց տվեցիք, ես ծարավ էի և դուք ինձ խմելու մի բան տվեցիք, ես օտարական էի, և դուք ինձ ընդունեցիք, ես մերկ էի, և դուք ինձ հագցրեցիք, ես հիվանդ էի, դուք ինձ այցելեցիք, ես բանտում էի, և դուք եկաք ինձ տեսության» (Մատթ. 25:35-36):

«Հասարակության ստվար հատվածների աշխարհիկացումը, օտարումը հոգևորից ու աստվածայինից, անխուսափելիորեն հանգեցնում են մարդու և մարդկային ընտանիքի ապասրբացմանն ու նյութապաշտական ընկալմանը: Այս առումով մենք մտահոգ ենք շատ երկրներում ընտանեկան կյանքի ճգնաժամով: Հայ և Կաթոլիկ եկեղեցիներն ընտանիքի մասին նույն ընկալումն ունեն, որը հիմնված է ազատ կամքով ու հավատարմությամբ ծնված սիրո արդյունք հանդիսացող տղամարդու և կնոջ ամուսնության վրա»:

Հռչակագրով հորդորում են հավատացյալներին ներդաշնակ կերպով աշխատելու հասարակության մեջ քրիստոնեական արժեքների զորացման համար, որոնք արդյունավոր կերպով նպաստում են արդարության, խաղաղության և մարդկային համերաշխության քաղաքակրթության կառուցմանը:

«Սուրբ Էջմիածնից մենք կոչ ենք անում մեր բոլոր հավատացյալներին միանալու մեզ աղոթքով, Սուրբ Ներսես Շնորհալու խոսքերով. «Փառավորյալ Տեր, ընդունիր ծառաներիդ աղաչանքները և ի բարին կատարիր մեր խնդրանքները՝ բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի, և Հովհաննես Մկրտչի, և Սուրբ Ստեփանոս Նախավկայի, և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի, և սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների, կույսերի և Քո բոլոր երկնային ու երկրային սրբերի: Եվ Քեզ՝ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փառք և երկրպագություն, հավիտյանս հավիտենից, ամեն»»:

Կարդացեք նաև՝ Հռոմի պապը հայ և թուրք ժողովուրդներին հաշտություն, Ղարաբաղին՝ խաղաղություն է մաղթել

Գարեգին Բ. Մենք թանկ գնով պաշտպանում ենք Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---