ԱԺ փոխխոսնակ. Ադրբեջանը չէ, որ պետք է կարգավիճակ շնորհի Լեռնային Ղարաբաղին

ԱԺ փոխխոսնակ. Ադրբեջանը չէ, որ պետք է կարգավիճակ շնորհի Լեռնային Ղարաբաղին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմների ներդրման փաստացի մերժման վերաբերյալ հայտարարությանը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը իրականացնում է բանակցությունների իմիտացիա, նպատակ չունի խաղաղ ճանապարհով իրականացնել խնդրի լուծումը և պարզապես ժամանակ է ձգում՝ հարմար առիթի դեպքում նոր ռազմական ավանտյուրա իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Հայտարարությանը, հայտնում է Tert.am-ը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օրերս զինծառայողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին, ասել է, որ կողմ չէ սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմների ներդրմանը: «Ինչ վերաբերում է հաշտեցման համար հայերի կողմից առաջադրված պայմանին՝ սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմին, կարծում եմ, այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա: Նախ և առաջ՝ այդ մեխանիզմները գոյություն չունեն: Մեզ ոչ ոք կոնկրետ չի ասում՝ ինչ են իրենցից ներկայացնելու այդ մեխանիզմները: Այդ դեպքում այսօր այդ հարցը քննարկելը կլիներ սխալ»,-հայտարարել է Ալիևը:

«Կարծում եմ՝ Մինսկի խումբը պետք է հստակ արձագանքի Ադրբեջանի նախագահի մերժողական դիրքորոշմանը, որովհետև Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները բազմիցս խոսել են, որ վստահության մեխանիզմների ներդրումը անչափ կարևոր է: Սա ոչ թե հայկական կողմի ցանկությունն է, սա միջնորդ երկրների առաջարկն է եղել, եթե կուզեք՝ պահանջն է եղել»,-ասել է ԱԺ խոսնակը:

«Վստահության մեխանիզմերի մասին կա Վիեննայի փաստաթղթում, և հաշվի առնելով հանգամանքը, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը բոլոր կողմերը, այդ թվում՝ նաև Ադրբեջանը գնահատել են որպես Վիեննայի գագաթաժողովի շարունակություն, Ալիևը պետք է լինի բարի, ևս մեկ անգամ ընթերցի Վիեննայի փաստաթուղթը, որտեղ կարևորվում է վստահության մեխանիզմների իրականացումը»,- ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ շարունակելով. «Իսկ այն, որ Ադրբեջանի նախագահն ասում է՝ այսօր արդեն կա զինադադար, դա դեռ երաշխիք չէ, այսօր զինադադարը պահպանվում է, վաղը կարող է չպահպանվել»:

Ադրբեջանի նախագահն իր ելույթում նաև ասել էր, թե հետաքննության մեխանիզմների ներդրումով նախատեսվում է սառեցնել հակամարտությունը, իսկ Ադրբեջանը չի գնա դրան: Բացի դա, ըստ նրա, սահմանին հետաքննական մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չկա, քանի որ Սանկտ Պետերբուրգում էլ արձանագրվել է, որ սահմանում այժմ հարաբերական հանգիստ է:

Ըստ Շարմազանովի՝ վստահության մեխանիզմների կիրառումը հնարավորություն կտա ավելի երկարատև խաղաղություն ապահովել և ճշտել, թե որ կողմն է խախտում զինադադարը. թերևս դա է նաև պատճառը, որ Ադրբեջանը կողմ չէ դրա ներդրմանը:

Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը ակնհայտ հակասության մեջ է Վիեննայում մայիսի 16-ի Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնության հետ, ըստ որի՝ պետք է քայլեր ձեռնարկվեն մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման համար: Այս մասին հանդիպումից հետո ասել են նաև Մինսկի խմբի հայտարարության մեջ, որտեղ ասվում է. «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը»:

Ալիևը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, քանի որ դա Ադրբեջանի պատմական հողն է:

«Ադրբեջանը չէ, որ պետք է կարգավիճակ շնորհի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի աստվածատուր իրավունք՝ որոշել սեփական ճակատագիրը: Ինչպես ցանկացած ժողովուրդ՝ ԼՂ ժողովուրդը օգտվել և օգտվելու է իր՝ պարտադիր կամարտահայտության իրավունքից և Ադրբեջանի կազմում ԼՂ-ն ոչ մի օր չի եղել և չի լինելու: Այն, ինչ ԼՂ ժողովուրդը 1988 թ-ին պահանջել է, պետք է կյանքի կոչվի: Այսինքն՝ ԼՂՀ-ն ոչ մի կարգավիճակով ոչ մի ժամ չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-այդ առթիվ ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ըստ Շարմազանովի՝ անհասկանալի է, թե որն է Ալիևի նշած՝ պատմական ադրբեջանական հողը, եթե Ադրբեջանի պատմությունն ընդամենը 98 տարվա է:

«Ինչո՞ւ Միացյալ Թագավորության քաղաքացիները իրավունք ունեն ռեֆերենդում անելու՝ որոշելու՝ մնան ԵՄ կազմում, թե չմնան։ Ինչո՞ւ Մեծ Բրիտանիայի մաս հանդիսացող Շոտլանդիայի քաղաքացիները իրավունք ունեն հանրաքվե անել՝ որոշելու՝ մնա՞ն Մեր Բրիտանիայի կազմում, թե ոչ, իսկ ԼՂՀ ժողովուրդը իրավունք չունի՞: Այդպես չի լինում: Եթե փուլային տարբերակի կողմնակից է, Ալիևը թող բարի լինի՝ առաջին փուլում ամրագրի Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքը»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---