ՀՀ-ում տարեկան մոտ 100.000 տ լոլիկ է արտադրվում. Ջերմատների և ջերմոցների տարածքը՝ մոտ 1220 հա

ՀՀ-ում տարեկան մոտ 100.000 տ լոլիկ է արտադրվում. Ջերմատների և ջերմոցների տարածքը՝  մոտ 1220 հա

PanARMENIAN.Net - 2016-ի հունիսի 28-ի դրությամբ Հայաստանում ջերմատների և ջերմոցների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 1220 հա, որից ապակեպատ՝ 310 հա, թաղանթապատ՝ 910 հա:2011-ին հանրապետության տարածքում շահագործվում էր ավելի քան 510 հա ջերմատուն և ջերմոց, որից նորագույն տեխնոլոգիաներով 1.9 հա՝ ՀՀ Կոտայքի մարզում։

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմատների ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 101 հա, այդ թվում` 59.4 հա Կոտայքի, 2.2 հա՝ ՀՀ Արմավիրի և 39․4 հա՝ ՀՀ Արարատի մարզերում, տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը:

Նշվում է, որ ջերմատների և ջերմոցների (փակ գրունտի) հիմնական խնդիրներն են` բանջարեղենի և ծաղիկների արտադրության սեզոնայնության մեղմելը (երբ բաց գրունտում դրանց արտադրությունը հնարավոր չէ), հյուսիսային և լեռնային շրջաններում ջերմասեր բանջարեղենի աճեցմանը նպաստելը և բաց գրունտի մշակության համար սածիլների աճեցման ապահովումը:

Ջերմատներում աճեցվում է լոլիկ, վարունգ, պղպեղ, սմբուկ, ամսաբողկ, լոբի, տարբեր կանաչիներ, կարտոֆիլ, ելակ, ծաղիկներ և այլն:

Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ջերմատնային տնտեսություններում լոլիկի տարածքներն ըստ օպերատիվ տվյալների, կազմում են մոտ 475 հա, որից սովորական տեխնոլոգիաներով՝ 434 հա, մեկ քառակուսի մետրի բերքատվությունը տատանվում է 8-20 կիլոգրամ, իսկ մոտ 41 հա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմատներում` 40-50 կիլոգրամի սահմաններում։

Ջերմատներում տարեկան արտադրվում է 97.000 – 100.000 տոննա լոլիկ։

Նոր կառուցված բոլոր ջերմատները հիմնականում հագեցած են եվրոպական երկրների արտադրության նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով և բույսի աճեցման տեխնոլոգիական բոլոր շրջափուլերը (ջեռուցում, պարարտացում, ածխաթթու գազով հարստացում, հնարավոր հիվանդությունների կանխարգելում և այլն) և այլ գործընթացները կառավարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, որը գրեթե լիովին բացառում է մարդկային գործոնի անհրաժեշտությունը:

Բացի այդ, արտադրության կարևոր փուլերն իրականացվում են արտերկրի բարձրակարգ մասնագետների վերահսկողության ներքո: Վերը նշված բոլոր միջոցառումների արդյունքում զգալիորեն ավելանում է բերքատվությունը, նվազում արտադրանքի ինքնարժեքը, ինչպես նաև ապահովվում է բարձրակարգ ապրանքային տեսքով և որակով արտադրանք:

Հատկապես վերջին տարիներին տնտեսավարողների մոտ լուրջ շահագրգռվածություն է նկատվում ջերմատնային տնտեսությունների կառուցման և վերակառուցման ուղղությամբ: Ըստ նախնական կանխատեսումների, այս տարի շահագործման կհանձնվեն շուրջ 50 հա ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատներ։

Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում նախորդ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում բարձրորակ տեղական արտադրության լոլիկ, վարունգ, ամսաբողկ, ելակ և տարբեր տեսակի ծաղիկներ։ Կտրուկ ավելացել են դրանց արտահանման ծավալները:

Հայաստանի Հանրապետությունում՝ ըստ ԱՎԾ տվյալների, 2015-ին լոլիկի ցանքատարածությունները (բաց գրունտ) կազմել են 7401 հա, համախառն բերքի ծավալը՝ 320183 տոննա, իսկ 2016-ին՝ օպերատիվ տվյալներով, լոլիկի ցանքերը կազմում են 7900-8000 հա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---