Anadolu. Էրդողանը ներողություն էր խնդրել միայն զոհված օդաչուի ընտանիքից

Anadolu. Էրդողանը ներողություն էր խնդրել միայն զոհված օդաչուի ընտանիքից

PanARMENIAN.Net - Մինչ միջազգային հանրությունը քննարկում է ռուս-թուրքական մոտալուտ հաշտեցումը, երկու երկրում վերլուծում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի բովանդակությունն ու իրական նպատակը։

«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով նախագահական աղբյուրները, գրում է, թե Էրդողանի ցավակցություններն ու ներողությունը ուղղված են միայն զոհված ռուս օդաչուի ընտանիքին, այլ ոչ թե Ռուսաստանին: Աղբյուրը նաև հաղորդում է, որ Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը Սիրիայի, Ուկրաինայի և Ղրիմի հարցում, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»:

Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի պնդմամբ, Էրդողանի նամակը Ռուսաստանին ուղղված հստակ ներողություն է պարունակում:

Հակասական հարց է նաև զոհված օդաչուի ընտանիքին թուրքական կողմի առաջարկած փոխհատուցումը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունիսի 27-ին թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է. «Նամակի բովանդակությունը շատ հստակ է, մենք հայտնում ենք մեր ցավակցությունը, կիսում ենք զոհվածների ընտանիքների ցավը, և եթե անհրաժեշտ է, կփոխհատուցենք»:

Իսկ հունիսի 28-ին Թուրքիայի վարչապետը հրաժարվել է իր խոսքերից` պնդելով. «Ոչ, նման բան չկա: Փոխհատուցման մասին խոսք գնալ չի կարող: Մենք միայն մեր ցավակցությունն ենք հայտնել: Օդաչուի սպանության մեջ պատասխանատու անձի նկատմամբ իրավական գործընթաց է ընթանում»:

Էրդողանը, մեկնաբանելով Կրեմլի կողմից հրապարակված Պուտինին ուղղված իր նամակը, նշել է թե իր ուղերձով Ռուսաստանին հիշեցրել է տարածաշրջանային լայնածավալ համագործակցության հնարավորության մասին և հույս հայտնել, որ երկու երկրներին վնաս հասցնող ճգնաժամի հաղթահարումը կբերի երկկողմ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը:

Հունիսի 28-ին արձագանքներ են հնչել նաև պաշտոնական Մոսկվայից: Ռուսաստանի արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովան լուրջ քայլ է որակել Էրդողանի նամակը:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---