Հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթը՝ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր

Հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթը՝   «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը ներկայացրել է, թե ովքեր են հյուրընկալվելու Հայաստանում` կինոփառատոնի շրջանակում:

Խաչատրյանը նշել է, որ շատերն ապրիլյան դեպքերից հետո վախենում էին գալ Հայաստան, բայց եղան նաև մարդիկ, ովքեր ոգևորվեցին Հռոմի պապի` Հայաստան այցից և ցանկացան գալ Հայաստան:

«Փառատոնը կենդանի օրգանիզմ է, և նրա վրա ազդում է այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում»,- ասել է նա, գրում է Yerkir.am-ը:

Ըստ Խաչատրյանի` 2016-ին փառատոնի բացման արարողությունը չի լինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, քանի որ դա շատ թանկ է նստում փառատոնի վրա: Դրա փոխարեն գերադասել են 1-2 ֆիլմ և ռեժիսոր ավելի հրավիրել Հայաստան: Շոուն, ըստ Խաչատրյանի, գուցե կարևոր է, բայց ոչ հիմա` մեր օրերում:

«Այս տարի կինոփառատոնի հյուրը կլինի հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթը, որի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը կլինի նաև. կցուցադրվեն «Ամերիկյան գիշեր», «Սպանություն արևելյան ճեպընթացում» և «Բուլիթ» ֆիլմերը: Բիսեթին նաև մրցանակ կհանձնենք: Բացի այդ` կլինեն հետահայաց ցուցադրություններ` սերբ կինոռեժիսոր Ժեմիլիր Ժիլնիկի և անվանի ռեժիսոր ու օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի: Երկուսն էլ կլինեն Հայաստանում»,- հայտնել է Խաչատրյանը:

Փառատոնի ժամանակ կլինեն նաև երևանյան պրեմիերաներ. կցուցադրվեն Մաջիդ Բարզեգարի «Ամենասովորական քաղաքացի», Ջանֆրենկո Ռոզիի «Հրավառ ծովը», Դմիտրի Իզմեստևի «Ամուսնական ճամփորդություն», Օզջան Ալփերի «Քամու հուշեր», Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր», Քրիստի Պույուի «Սիեռանևադա» և Վիտալի Մանսկիի «Արևի շողերի տակ» ֆիլմերը:

Կինոփառատոնի բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015 թ.) ֆիլմի ցուցադրությամբ, իսկ փակմանը կցուցադրվի աշխարհահռչակ բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների վերջին` «Անծանոթուհին» ֆիլմը:

Հունիսի 22-ին ներկայացվել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմը:

Կարդացեք նաև՝ Կոմպոզիտոր Մանսուրյանը՝ «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի նախագահ

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---