ԱՄՀ. Նոր հարկային օրինագիծը կնպաստի բյուջեի եկամուտների ավելացմանը

ԱՄՀ. Նոր հարկային օրինագիծը  կնպաստի բյուջեի եկամուտների ավելացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը վստահ է՝ չնայած նոր Հարկային օրենսգրքի նախագիծը սուր քննադատության է ենթարկվում հասարակության բազմաթիվ խմբերի կողմից, այն մեծ օգուտներ կբերի Հայաստանին:

Սանչեսն ընդգծել է, որ օրենքի ուժ ստանալուց հետո այդ փաստաթուղթը կնպաստի բյուջեի եկամուտների ավելացմանն ու բնակչության համար ավելի լավ ծառայություններ ապահովելուն:

«Այս երկիրը լավ դպրոցի, լավ ճանապարհների, լավ կառավարման կարիք ունի: Եվ դրա համար յուրաքանչյուրը պետք է ներդրում անի»,- ասել է նա ու հավելել՝ «Կրթությունը, առողջապահությունն այստեղ շատ ցածր մակարդակի վրա է, չկա կապիտալի ներդրում, չկան ենթակառուցվածքներ: Առանց այս ամենի հնարավոր չէ երկիրը զարգացնել, իսկ հիմա դրա համար լավ հնարավորություն է ստեղծվել», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Չնայած բոլոր խմբակցությունների, այդ թվում՝ իշխող Հանրապետականի կոշտ քննադատությանը, Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է աղմկահարույց օրինագիծը: Արժույթի միջազգային հիմնադրամը ողջունել է խորհրդարանի այդ քայլը:

ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ ԱԺ-ն այդպիսով մեծ պատասխանատվություն դրսևորեց՝ ցուցաբերելով նաև «այդ կարևոր փաստաթուղթը» քննարկելու պատրաստակամություն:

Սանչեսը չի ընդունում քննադատությունը, թե հարկային բեռի ավելացումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի բիզնես միջավայրի, բնակչության սոցիալական վիճակի վրա՝ բարեխիղճ աշխատողին հարկադրելով թաքցնել իրական եկամուտներն ու տեղափոխվել ստվերային դաշտ: Ավելին՝ նա վսատհ է, որ Հայաստանի անկախացումից ի վեր գործող հարկային «ցաքուցրիվ համակարգն» է այսօր խնդիրներ ստեղծում՝ տնտեսության զարգացման ճանապարհին դառնալով անկայունության և չարաշահումների պատճառ:

Ըստ նրա, բյուջեն ամրապնդելուց բացի, խնդրո առարկա փաստաթուղթը նաև կբարելավի հարկային վարչարարությունը, կնպաստի հարկ վճարողների և հավաքողների հարաբերությունների կարգավորմանը՝ նվազեցնելով տեսուչների միջամտությունն ու ստեղծելով ավելի թափանցիկ միջավայր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---