Ավետիսյանների սպանության գործով քաղհայցն ընդդեմ Ռուսաստանի մերժվել է

Ավետիսյանների սպանության գործով քաղհայցն ընդդեմ Ռուսաստանի մերժվել է

PanARMENIAN.Net - Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 30-ի նիստում մերժել է Ռուսաստանի Դաշնության դեմ Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով ներկայացված քաղաքացիական հայցը, հայտնում է Aysor.am-ը:

Ըստ նախորդ նիստում ներկայացված միջնորդության՝ Գյումրիում տեղի ունեցածի հետևանքով սպանվել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Հասցվել է ոչ նյութական վնաս, խախտվել է ՄԱԿ կոնվենցիայով սահմանված կյանքի իրավունքը: Ռուսաստանը, լինելով այդ կոնվենցիայի անդամ, հանդիսանում է պատասխանող կողմ և պատասխանատվություն է կրում Գյումրիի ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների գործողությունների համար:

Հայցով Ավետիսյանների իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում:

Նախորդ նիստի ժամանակ հայցը ներկայացրած փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշել էր, որ Ռուսաստանի Դաշնությունն արտասահմանյան ծառայության է ուղարկել Վալերի Պերմյակովին, ով ակնհայտորեն որոշակի մտավոր շեղումներ է ունեցել, հետևաբար՝ ՌԴ-ն պետք է կրի պատասխանատվություն:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։ Վալերի Պերմյակովը արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---