Վնասված յուրաքանչյուր բնակարանի համար արթիկցիները մինչև 4.6 մլն դրամ կստանան

Վնասված յուրաքանչյուր բնակարանի համար արթիկցիները մինչև 4.6 մլն դրամ կստանան

PanARMENIAN.Net - Գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն ՀՀ Շիրակի մարզպետարանին գումար կհատկացվի՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:

Համայնքում հեղեղումներից տուժել են սելավատարեր, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև տեղի է ունեցել գյուղատնտեսական կենդանիների անկում և վնաս է հասցվել մշակաբույսերի ցանքատարածություններին:

Այսպիսով՝ բնակիչներին աջակցություն կցուցաբերվի հեղեղումների հետևանքով վնասված շենք-շինությունների համար, ինչպես նաև կորցրած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց: Կիրականացվեն նաև Արթիկ համայնքի հեղեղատարների մաքրման և վերականգնման աշխատանքներ: Գործադիրի ընդունած որոշման համաձայն ՀՀ Շիրակի մարզպետարանին կհատկացվի 41 մլն 746.000 դրան՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:

Այսպես՝ 22 մլն 350.000 դրամ կհատկացվի վնասված շենք-շինությունների բնակիչներին, ևս 2 մլն 430.000 դրամ կուղղվի Արթիկում հեղեղումների հետևանքով անկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար: Հեղեղատարների մաքրման նպատակով էլ կտրամարդվի 16 մլն 965.000 դրամ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասներ է ներկայացրել Արթիկում տարվող աշխատանքների վերաբերյալ: Նա նշել է, որ աղետի հենց առաջին օրը մեկնել է Արթիկ, հետևել աղետի հետևանքները վերացնելու աշխատանքներին, դեպքի հաջորդ օրն էլ Արթիկ է այցելել վարչապետ Աբրահամյանը և տեղում ծանոթացել իրավիճակին: Նախարարը նշել է, որ Արթիկի բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600.000 դրամ, որը բավարար է կեցության նորմալ պայմաններ ստեղծելու համար: Նրա խոսքով՝ Արթիկում հեղեղումների հետևանքով անկած կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի, համապատասխանաբար, 650.000 դրամ և 1 մլն 700.000 դրամ:

Ըստ նախարարի՝ քաղաքում շարունակվում են վերականգնողական ակտիվ աշխատանքները, վերացվում են հեղեղի հետևանքները. գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրականությունը հիմնականում վերականգնվել է: Տեղերում աշխատում են շինտեխնիկա, մեքենաներ: Արդեն ավարտվում են քաղաքի երկու-երեք փողոցների մաքրման աշխատանքները: Գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հեղեղի պատճառած հետևանքները վերացնելու համար տարվող աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնել հանրությանը՝ անհարկի շահարկումներից խուսափելու համար:

Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել էին քաղաքի գլխավոր փողոցները: Վարարել է Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տան արտաքին պատը մասնակի փլուզվել է: Հոսանքամատակարարումը, ջրամանակարարումը և գազամատակարարումը դադարեցվել է: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից, որոնց տեղափոխել են անվտանգ տարածք:Փրկարարները տարահանել են բնակիչներին ու անասուններին:

Կարդացեք նաև՝ Արթիկում խմելու ջրի խողովակ է վնասվել, նմուշառում է կատարվել

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---