Երևան է տեղափոխել Վերին Լարսում արգելափակված ՀՀ քաղաքացիների 3-րդ խումբը

Երևան է տեղափոխել Վերին Լարսում արգելափակված ՀՀ քաղաքացիների 3-րդ խումբը

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին՝ ժամը 13.48-ին, Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը՝ 3-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով ևս 46 ՀՀ քաղաքացու:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀՀ ԱԻ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ա. Պետրոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայությունները, որոնց աշախատակիցները հունիսի 29-30-ը շարունակաբար հերթապահում էին օդանավակայանում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելով հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին և պարբերաբար տրամադրելով թարմ տեղեկատվություն:

Ինչպես նախորդ երկու, այնպես էլ 3-րդ չվերթի ընթացքում Հյուսիսային Օսիայից Երևան հատուկ չվերթների ուղևորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչները և բժիշկները` ուշադրության կենտրոնում պահելով հղի կանանց և երեխաներին:

ՓԾ տնօրենի տեղակալ Ա. Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ քաղաքացիների տեղափոխման ամբողջ ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հատկապես երեխաներին և հղի կանանց, որոնց տեղափոխել են առաջին հերթին:

Նախատեսվում է 4-րդ չվերթով տեղափոխել ևս 46 քաղաքացու:

Ժամանող քաղաքացիները մեզ հետ զրույցում երախտագիտության խոսքեր հղեցին ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ սրտացավ և հոգատար վերաբերմունքի ու ցուցաբերած մեծ աջակցության համար: Նրանց հաղորդմամբ` տեղի հայ համայնքը ևս ցուցաբերել է մեծ ու անշահախնդիր օժանդակություն՝ պարբերաբար սնունդ և օթևան տրամադրելով հայրենակիցներին:

Թռիչքներն իրականացվել են ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ կապված հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման հետ:

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված 48 քաղաքացու: Երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին:

ՀՀ-ն Լարսին այլընտրանքային ճանապարհ է փնտրում. Կարող է Հարավային Օսիայով անցնել

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---