Եսայանի անվան հին պոլիկլինիկան հիմնանորոգվում է, կապահովվի ժամանակակից սարքավորումներով

Եսայանի անվան հին պոլիկլինիկան հիմնանորոգվում է, կապահովվի ժամանակակից սարքավորումներով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա, որն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Տնօրեն Աննա Սիսոյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է հարկաբաժիններով, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Դեռևս նախորդ դարի 50-ական թվականներին կառուցված պոլիկլինիկան, որը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել, պատասխանատուների հավաստմամբ, մինչև տարեվերջ ամբողջությամբ նորոգված ու ժամանակակից բուժսարքավորումներով կահավորված կապահովի բժշկական այս հաստատությունից օգտվող ավելի քան 43.000 բնակիչների լիարժեք սպասարկումը:

Ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի տիկնոջ՝ ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Սառա Եսայանի աջակցությամբ:

Առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրի կյանքի կոչումը, Երևանի քաղաքապետը նկատել է, որ աշխատանքների ավարտից հետո պոլիկլինիկան կարող է իսկապես օրինակելի բուժհաստատություն դառնալ:

«Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է Եսայանների ընտանիքի կողմից: Իսկապես մեծածավալ աշխատանք է իրականացվում, որի արդյունքում, համոզված եմ, մենք կունենանք օրինակելի պոլիկլինիկա՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Պատասխանատուներն էլ վստահեցրին, որ մինչև տարեվերջ աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն: Ողջունելով մասնավոր հատվածի կողմից նմանատիպ ծրագրերի իրականացումը, նաև նշեմ, որ մենք ևս շարունակելու ենք Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների թե՛ պայմանների բարելավման, և թե՛ նոր ու ժամանակակից սարքավորումներով համալրելու վերջին տարիների մեր քաղաքականությունը», - ընդգծել է քաղաքապետը:

Նա հավելել է, որ հարմարավետ պայմանների ապահովման ու բուժսարքավորումների արդիականացմանը զուգահեռ մշտական ուշադրության կենտրոնում է մնալու նաև քաղաքացիների պատշաճ սպասարկումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---