Բանգլադեշում ահաբեկիչները պատանդներից 20-ին սպանել են. Բոլորն օտարերկրացիներ էին

Բանգլադեշում ահաբեկիչները պատանդներից 20-ին սպանել են. Բոլորն օտարերկրացիներ էին

PanARMENIAN.Net - Դաքքայի սրճարանում ահաբեկիչները սպանել են պատանդներից 20-ին, բոլոր սպանվածներն օտարերկրացիներ էին: Պաշտոնապես նրանց աղգությունը դեռ ճշտված չէ:

Հայտնի է, որ զոհերի թվում կան իտալացիներ: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հայտնել էր, որ կապ չի հաստատվել իր երկրի 7 հպատակի հետ, որոնք եղել են Holey Artisan-ում, գրում է Slon.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Փոխհրաձգության հետևանքով նաև 2 ոստիկան է զոհվել և 6 ահաբեկիչ, գրոհողներից մեկին հաջողվել է ձերբակալել:

Հուլիսի 1-ի երեկոյան զինված անձանց խումբը հարձակում էր գործել Դաքքայի ռեստորաններից մեկի վրա, որոշ աղբյուրների համաձայն՝ սրճարանի վրա։ Հաստատությունը գտնվում է շրջանում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանությունները։ Զինված անձինք ներխուժել են ռեստորան և կրակ բացել։ Հարձակման ժամանակ սպանվել է 2 ոստիկան, վիրավորվել առնվազն 40 մարդ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ըստ Daily Star-ի, այն պատանդներին, որոնք կարողացել են մեջբերում անել Ղուրանից, ահաբեկիչները ձեռք չեն տվել:

Բանգլադեշում ակտիվ են ծայրահեղական իսլամիստները: 2015-ից ի վեր երկրում սպանվել է ավելի քան 30 պաշտոնյա, ոստիկանության աշխատակից, գիտաշխատող, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ` բուդդայականներ և քրիստոնյաներ: Հարձակումների մեծ մասի պատասխանատվությունը ստանձնել են ահաբեկչական ԻՊ-ն և «Ալ Քայիդան», թեև իշխանությունները հայտարարում են, որ գրոհների ետևում տեղի ծայրահեղականներն են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---