Սարգսյանը՝ Օբամային. Ակտիվ միջնորդական առաքելություն ենք ակնկալում ԼՂ հարցում

Սարգսյանը՝ Օբամային. Ակտիվ միջնորդական առաքելություն ենք ակնկալում ԼՂ հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

«Մեծարգո պարոն նախագահ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:

2017-ի սկզբին նշվելու է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հետադարձ հայացք նետելով անցած ուղու վրա՝ պետք է նշեմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները միշտ աչքի են ընկել ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ և հարգանքով: Մենք բարձր ենք գնահատում այն զգալի աջակցությունը, որ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարաբնույթ բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը:

Մեծապես կարևորում ենք ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին հետևած դիվանագիտական ակտիվությունը մեկ անգամ ևս ընդգծեց այն կարևորագույն դերը, որը Միացյալ Նահանգները խաղում է այդ գործընթացում»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

«Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման»:

ՀՀ նախագահՍերժ Սարգսյանը, ԱՄՆ Անկախության օրվա առթիվ, հուլիսի 2-ին նաև այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր:

Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրումը Հայաստանի անկախացումից ի վեր երկրի տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործում և հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո էլ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ:

Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին այցելության և շնորհավորանքի համար: Նա նշել է, որ անցած քսանհինգ տարիներին ուշադրությամբ հետևել է Հայաստանի զարգացումներին և համակարծիք է Սարգսյանի հետ՝ այդ ժամանակաշրջանում Հայաստանի արձանագրած ձեռքբերումների հարցում: ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները, իրավամբ, կարող են հպարտանալ անցած քառորդ դարի ընթացքում թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական ոլորտներում Հայաստանում արձանագրված առաջընթացով, և ուրախ է, որ այդ ամենում ինչ-որ չափով մասնակցություն են ունեցել ԱՄՆ կառավարությունն ու ժողովուրդը:

Ապրիլի 28-ին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոներն՝ անդրադառնալով հակամարտության գոտում պահպանվող լարված իրավիճակին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում է, որ հնարավորինս շուտ վերսկսվի բանակցային գործընթացը։

Դրանից առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---