Չիլինգարյան. ՌԴ չվերթերի տոմսերը թանկացել են Լարսի փակվելուց հետո

Չիլինգարյան. ՌԴ չվերթերի տոմսերը թանկացել են Լարսի փակվելուց հետո

PanARMENIAN.Net - Մոտ 10 օր է` Վերին Լարսի ճանապարհը փակ է փլուզման պատճառով: ԵՏՄ երկրների հետ կապ ապահովող միակ ճանապարհը տարվա կեսը փակ է լինում: Այս մասին ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

«Մոտ 10 օր է` Վերին Լարսի ճանապարհը փակ է փլուզման պատճառով, և դա նորություն չէ մեզ համար՝ տարին երրորդ անգամ նման բան լինում է, ճանապարհը հաճախակի փակվում է: Մեզ հրամցնում են, որ մենք ԵՏՄ երկրների հետ մեծ կապեր ունենք և կարող ենք այդ շուկայից օգտվել, սակայն միակ ճանապարհը Լարսն է, որը տարվա կեսը փակ է լինում, դրա պատճառով էլ տուժում են սպառողները, տնտեսվարողները»,- ասել է Չիլինգարյանը:

Նա նշել է, որ Հայաստանից հիմնական բեռնափոխադրումներն իրականացվում են դեպի Ռուսաստան:

«Մեզ մոտից ամառվա սեզոնին արտահանում են հիմնականում գյուղմթերք: Ճիշտ է, կառավարությունը և տրանսպորտի նախարարությունը լաստանավեր վարձեցին, բայց դա հարցի լուծում չէ, ամեն մեքենան մոտ 1000 դոլար թանկ է նստում տեղափոխման առումով: Մրցունակությունը կորում է, այն ինտենսիվությամբ հնարավոր չէ տեղափոխել, ինչպես Լարսով էր իրականացվում»,- նշել է Չիլինգարյանը:

Նա նշել է, որ երբ Լարսը փակ չէր` 15-20 օր առաջ, կարելի էր 100 հազար դրամով երկու ուղղությամբ ավիատոմս գնել, իսկ այժմ 150 հազար դրամից է սկսվում, իսկ «Աերոֆլոտ»-ով՝ 200-210 հազար դրամ, գրում է Yerkir.am-ը:

Չիլինգարյանի կարծիքով, դեպի ՌԴ չվերթերի տոմսերը թանկացել են Լարսի փակ լինելու հետևանքով:

«Նույն «Աերոֆլոտ»-ի տոմսի գները համարյա կրկնակի բարձր են»,- ասել է նա, ապա ընդգծել, որ Լարսի աղետից օգտվել են նաև այլ կազմակերպություններ, որոնք մարդկանց են տեղափոխում Երևան:

Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` ներկայացնելով, որ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացում է գրանցվել:

Կարդացեք նաև՝ Վերին Լարսի անցակետը փակ կմնա մինչև հուլիսի 10-ը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---