ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն հայտարարություն է ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն հայտարարություն է ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին ‪Երևան‬ում տեղի ունեցած ‪ՀԱՊԿ‬ ԱԳՆԽ (Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստում ընդունվել են ղարաբաղյան հակամարտության և սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ: Այս մասին լրագրողներին է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է Times.am-ը:

Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հավելել է, որ քննարկվել են ահաբեկչության և ծայրահեղականության պայքարի հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային անվտանգության այլ խնդիրներ. «Լուրջ ուշադրություն է դարձվել միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին: Դրանցից մեկը, որը լրջորեն ազդում է մեր երկրների անվտանգության, կայունության վրա, ղարաբաղյան հակամարտությունն է, որի հետ կապված համապատասխան որոշում է ընդունվել»:

«Հայտնում ենք մեր աջակցությունը ԼՂ խնդրով Վիեննայում մայիսի 16-ին և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղմանը», - ասվում է հայտարարության մեջ:

«Հաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված խնդրի կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորաշման սկզբունքների հիման վրա», - նշված է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:

Հուլիսի 4-ին Երևանում ՀԱՊԿ մասնակից երկրների ԱԳ նախարարները քննարկել են մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության նախագիծը, ինչպես նաև Աֆղանստանում, Սիրիայում, զինված հակամարտությունների այլ գոտիներում իրավիճակի զարգացման միտումները, ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցությունը աշխարհում տիրող իրավիճակի պայմաններում, ՀԱՊԿ մշտական գործող մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման ընթացքը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 4-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանրապետության նախագահը կարևորել է նիստի աշխատանքը, որը նպատակաուղղված է ՀԱՊԿ գործունեության կարևոր բաղադրիչներից մեկի՝ կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքականության համակարգման արդյունավետության բարձրացմանը:

Ընթերցեք նաև. Նախագահն ընդունել է Բորդյուժային. Կարևորվել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի սպասվող նիստը Երևանում

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---