ՌԴ ԱԳՆ. Նժդեհին արձան տեղադրելը Երևանի գործն է

ՌԴ ԱԳՆ. Նժդեհին արձան տեղադրելը Երևանի գործն է

PanARMENIAN.Net - Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է: Այդ մասին է հայտարարել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երևանում:

«Խնդրում եմ գտնել նախկինում արած իմ մեկնաբանությունն ու բառացի մեջբերել այն: Նաև խնդրում եմ՝ չխեղաթյուրել իմ հնչեցրած բառերը, որովհետև այդպիսով դուք վնաս եք հասցնում: Եվ դա, բնականաբար, այն մարդկանց օգտին է, ովքեր Հայաստանի բարեկամները չեն», - ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: Արձանի բացումը տեղի է ունեցել մայիսի 28-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը: ՀՀ նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին:

Հունիսի 10-ին Զախարովան հայտարարել էր, որ «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»: Միաժամանակ Զախարովան նշել էր, որ Մոսկվայի համար հիմնական ցուցիչը Երևանի վերաբերմունքն է Հայրենական պատերազմում հաղթանակի հիշատակի պահպանմանը և մայիսի 9-ի տոնին: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը ՄԱԿ ռասիզմի, նացիզմի ու նեոնացիզմի դեմ պայքարի կոչ անող բանաձևի համահեղինակն է:

«Պատմության հետ կապված հարցերն իսկապես շատ բարդ են, և ամոթ նրանց, ովքեր օգտագործում են այդ հարցերն իրենց քաղաքական նպատակների համար այնպես, ինչպես շատերն արեցին՝ խեղաթյուրելով իմ մեկնաբանությունները»,- նշել է Զախարովան:

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան զգում է հայ գործընկերների հուսալի թիկունքը նացիզմի հերոսականացման ցանկացած հնարավորություն բացառելու հարցում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---