ԱՄՆ կոնգրեսական. Բռնության գործադրմամբ ձերբակալություններն Ադրբեջանում չեն դադարել

ԱՄՆ կոնգրեսական. Բռնության գործադրմամբ ձերբակալություններն Ադրբեջանում չեն դադարել

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում կայացել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ լսումներ: Լսումների ընթացքում ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը, որը «Ադրբեջանի ժողովրդավարության ակտ» օրինագծի հեղինակն է, որով մարդու իրավունքների խախտումների հետ կապ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ են նախատեսվում, հայտնում է Tert.am-ը contact.az-ի վրա հղումով:

«2013 և 2014 թվականներին երկու անգամ կոնգրեսականների խմբով Բաքվում հանդիպել ենք նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք, իհարկե, խոսել ենք մարդու հիմնարար իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության մասին»,-ասել է Սմիթը:

Նա դրական է գնահատել քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակումը՝ նշելով, որ բռնության գործադրմամբ ձերբակալությունները երկրում չեն դադարել: Սմիթը հերքել է պաշտոնական Բաքվի մեղադրանքները, թե իր օրինագիծը կապ ունի հայկական լոբբիի հետ: Նա նաև նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պայմանագիր են կնքել ԱՄՆ-ի առաջատար իրավաբանական ընկերություններից մեկի հետ՝ դրան հակազդելու համար:

Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվի նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ, անվտանգության աշխատակիցների, ուժային մարմինների և դատական իշխանությունների մարմինների վրա: Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմանել:

Փաստաթուղթը Կոնգրեսի կողմից կընդունվի, եթե չազատվեն բոլոր քաղբանտարկյալներն ու չհաղթահարվեն մարդու իրավունքների բոլոր խնդիրները, ասել է ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավարը։

Պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զգալի առաջընթաց հաստատի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման գործում, ինչպես նաև ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացում, ասվում էր ավելի վաղ ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---