ՀՀ-ում նշվում է Սահմանադրության օրը. Ըստ նախագահի, բարեփոխումը մեզ դարձնում է ավելի ազատ և ուժեղ

ՀՀ-ում նշվում է Սահմանադրության օրը. Ըստ նախագահի, բարեփոխումը մեզ  դարձնում է ավելի ազատ և  ուժեղ

PanARMENIAN.Net - 1995-ի հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց ՀՀ Սահմանադրության հաստատման համաժողովրդական հանրաքվե: Հայ հասարակությունը գրեթե միաձայն ընտրեց սահմանադրական հանրապետության ուղին` վերահաստատելով իր վճռականությունը շարունակել պետականության կայացման, անկախության ամրապնդման և իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն դառնալու գործը, ինչն ամրագրված է 1991թ. Հայաստանի անկախության հռչակագրում: Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:

Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ նախագահին վերապահված լայն լիազորություններով: 2001թ. ՀՀ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում: Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց: Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց:

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851 քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխություններով կատարվել է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

1995-ին Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր:

ՀՀ այս տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարևոր ու պատմական օր է մեր երկրի ու ժողովրդի կյանքում: Մենք միասին քայլ առ քայլ գնում ենք Սահմանադրության մեջ ամրագրված նպատակները կյանքի կոչելու ճանապարհով:

Սահմանադրական վերջին բարեփոխումները մեկ անգամ ևս հաստատեցին մեր ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կայացումը և ընդգծեցին դրա վերընթաց ու հետևողական զարգացման միտումները», - ասել է նախագահը:

Նրա խոսքով, Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ որպես հասարակություն դարձնում է ավելի ազատ և ավելի ուժեղ:

«Միաժամանակ այս նոր իրողությունը բոլորիցս պահանջում է պատասխանատու վերաբերմունք երկրում ընթացող սոցիալական, իրավական և քաղաքական գործընթացների նկատմամբ», - նշել է Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---