Բասկետբոլի հավաքականի մարզիչ. Ունենք մարտունակ հավաքական, պետք է նաև բազային թիմ ստեղծենք

Բասկետբոլի հավաքականի մարզիչ.   Ունենք մարտունակ հավաքական, պետք է նաև բազային թիմ ստեղծենք

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի հավաքականը նոր էջ է բացել հայկական բասկետբոլի համար՝ հիմք դնելով ապագայի նոր և մեծ հաղթանակներին: Այս մասին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը՝ ամփոփելով փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, ներկայացնելով ապագայի տեսլականը:

Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային: Առաջնության եզրափակչի առաջին քառորդում Հայաստանի հավաքականն առաջ էր հաշվի մեջ՝ 43:33: Այնուհետ երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաներն առաջ էին անցել մրցակցից 14 միավորով՝ 64:50:Երրորդ քառորդում Հայաստանի հավաքականը շարունակում էր տիրել նախաձեռնությանը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 79:71 հաշվով և Հայաստանի թիմը դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն:

«Հավաքականի ձևավորման ամբողջ գործընթացը տեղի ունեցավ Հայաստանից դուրս: Ամեն ինչ սկսվեց դեռևս 7 ամիս առաջ: Երբ պլանավորեցինք, որ պետք է ձևավորենք մարտունակ հավաքական: Սկսեցինք բանակցությունները տարբեր խաղացողների հետ, փնտրեցինք տարբեր խաղացողների Հայաստանում, Հայաստանից դուրս: Կային շատ բասկետբոլիստներ, բայց մի քանիսը տարբեր պատճառներով չկարողացան գալ», - ներկայացրել է մարզիչը, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով, երեք չորս բասկետբոլիստ կա, որ կարող է ուժեղացնել հավաքականի կազմը: Խոսելով Անդորրայի հետ եզրափակչում խաղի մասին Գյոկչյանն ասել է . «վստահ էի, որ հաղթելու ենք: Քանի որ մարզիկներից ոչ մեկ վնասվածք չուներ և գերազանց էինք տրամադրված, ապացուցեցինք, որ մենք ամենաուժեղն ենք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում»:

Հարցին, թե այժմ իրավունք ենք ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Ի՞նչ տեսլական ունեք ապագայի համար, գլխավոր մարզիչը պատասխանել է.

«Եվրոպային ցույց տվեցինք, որ ունենք մարտունակ թիմ: Բայց դժվար է պահել թիմը սահմանափակվելով հավաքականի խաղերով: Հիմա առավել կարևոր է բազային թիմ ստեղծելը, որ կարող է Ռուսաստանում կամ այլ լիգայում խաղալ: Կարող ենք ստեղծել ակումբ, որտեղ հանդես կգան այս բասկետբոլիստները, ովքեր միասին խաղալու փորձ ձեռք կբերեն և կլավացնեն հավաքականի արդյունքները»:

Կարդացեք նաև՝ ՀՀ նախագահը բասկետբոլի հավաքականի անդամներից մեդալ ու գնդակ է նվեր ստացել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---