ԱԺ փոխխոսնակ. ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությամբ պաշտպանվեցին Հայաստանի շահերը

ԱԺ փոխխոսնակ. ՀԱՊԿ ԱԳ նախարարների  հայտարարությամբ պաշտպանվեցին Հայաստանի շահերը

PanARMENIAN.Net - Միշտ չէ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրներն արտահայտել են այն դիրքորոշումները, որը բխել է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշման և ՀԱՊԿ գործընկեր Հայաստանի Հանրապետության շահերից, սակայն հուլիսի 4-ի ՀԱՊԿ արտգործնախարարների հայտարարությամբ պաշտպանվեց Հայաստանի շահերն ու հակահարված հասցվեց Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակում անցկացված նիստում արտգործնախարարների արած համատեղ հայտարարության մասին, հայտնում է Tert.am-ը:

«Թե՛ Հայաստանի Հանրապետության նախագահը, թե՛ մենք՝ որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահության ներկայացուցիչներ և ես՝ որպես նախագահ, բազմիցս նշել ենք այն կարևորությունը, որ ՀԱՊԿ անդամ երկրները բացառապես պետք է ձգտեն պաշտպանել միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը և հիշեցրել, որ նախագահ Սերժ Սարգսյանն էլ վերջին ՀԱՊԿ խորհրդի նիստում նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները չեն հետաքրքրվել՝ իրենց դաշնակից երկրում ինչ իրավիճակ է:

Շարմազանովը մատնանշել է հայտարարության այն կետերը, որոնք առանցքային էին և հիշարժան. «Ըստ հայտարարության՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների պաշտոնական դիրքորոշումն է, ընդունում են, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով՝ նշելով երեք հայտնի սկզբունքները, այդ թվում, որը շատ կարևոր է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, մասնավորապես հենց Ղազախստանն էլ, որի նախագահը հայտնի է եղել ադրբեջանամետ քաղաքականությամբ, այստեղ՝ Երևանում, վերահաստատում են, որ ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է»:

Էդուարդ Շարմազանովն ուշադրություն է հրավիրել հայտարարության մեկ այլ կարևոր հատվածի վրա ևս. «Հստակ նշվում է հայտարարության մեջ, որ խնդիրը պետք է լուծվի համանախագահության ձևաչափով: Այսինքն՝ նորություն չէ, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, ինչու՞ չէ նաև այլ թուրքալեզու երկրներ, մշտապես ցանկացել են մեծացնել Թուրքիայի դերն այս տարածաշրջանում՝ խցկելով նրան որպես միջնորդ կողմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այս հայտարարությամբ և՛ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես համանախագահող երկիր, թե՛ Ղազախստանը, թե՛ Բելառուսը, որոնք լավ հարաբերություններ ունեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ, վերահաստատում են, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի նախագահության ձևաչափով: Թուրքիան այստեղ անելիք չունի»:

Ըստ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի՝ հայտարարության մեջ մյուս կարևոր մասն այն է, որ արտգործնախարարները վերահաստատեցին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

«Սա հստակ արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական հայտարարություններին, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգի հայտարարություններից հետո, երբ Ադրբեջանը հետքայլ կատարեց և գրեթե հրաժարվեց ներդնել հետաքննության մեխանիզմները, ինչը ամրապնդված էր Վիեննայի փաստաթղթում: Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես համանախագահ երկիր, առաջինը ցույց տվեց, որ նա համամիտ չէ պաշտոնական Բաքվի այդ հայտարարության հետ և վստահության մեխանիզմների ներդրումը առաջնային է»,- ասել է Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով, որ հատկանշական է, որ այդ դիրքորոշումը պաշտպանում են նաև Ղազախստանը և Բելառուսը:

«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ղազախստանը, որը նախկինում ունենում էր հնարավորինս չեզոք դիրքորոշում, երբեմն նույնիսկ ադրբեջանամետ քաղաքականություն, հաստատեցին այն սկզբունքները, որը պաշտպանել էր հայկական կողմը: Սա կարելի է համարել հաջողություն: Միգուցե մենք մեծ քաղաքական թոհուբոհի մեջ դա չէինք նկատել, բայց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հայտարարությունը գոնե երեք կետով հակահարված էր Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը»,- ամփոփել է իր խոսքը Էդուարդ Շարմազանովը:

Հուլիսի 4-ին ‪Երևան‬ում տեղի ունեցած ‪ՀԱՊԿ‬ ԱԳՆԽ (Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստում ընդունվել են ղարաբաղյան հակամարտության և սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ: «Հայտնում ենք մեր աջակցությունը ԼՂ խնդրով Վիեննայում մայիսի 16-ին և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղմանը», - ասվում է հայտարարության մեջ:

«Հաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված խնդրի կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորաշման սկզբունքների հիման վրա», - նշված է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---