8-ամյա պեղումներն Էրեբունիում ավարտվում են. Պեղվել է Երևանի ամենահին` 2700-ամյա փողոցը

8-ամյա պեղումներն Էրեբունիում ավարտվում են. Պեղվել է Երևանի ամենահին` 2700-ամյա փողոցը

PanARMENIAN.Net - Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը, նաև Իրանի մասնագետների մասնակցությամբ, Էրեբունի ամրոցի տարածքում պեղել է Երևանի հնագույն փողոցը: Այդ մասին լրագրողներին է հայտնել արշավախմբի հայկական մասի ղեկավար Միքայել Բադալյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

«Այս տարի պեղվեց գրեթե 30 մ երկարությամբ փողոցը Էրեբունի արգելոց թանգարանի տարածքում, որը պատված է գեղեցիկ խճաքարերով: Այն 2700 տարեկան է»,-ասել է Բադալյանը:

Նա նշել է, որ սա եզակի և աննախադեպ հայտնագործություն է, քանի որ լիովին փոխում է պատկերացումները ուրարտական քաղաքակրթության մասին: «Նոր ենթադրություններ ի հայտ եկան, թե ինչու Թեյշեբաինի ամրոցը կառուցելու անհրաժեշտություն առաջացավ: Մասնավորապես, պարզվել է, որ մ.թ.ա. VII դարի կեսին այստեղ երկրաշարժ է տեղի ունեցել»,-ասել է Բադալյանը:

Արշավախմբի ֆրանսիական մասի ղեկավար Ստեֆան Դեշամպը մեծապես կարևորում է պեղումները: «Վերջին շրջանում պեղվել են շինությունների հիմքեր, ինչը թույլ է տալիս խոսել Էրեբունիում ոչ թե 2, այլ 3 տաճարի առկայության մասին: Կարելի է ենթադրել նաև, որ սյունազարդ սրահը կառուցվել է արդեն հետուրարտական շրջանում»,-ասել է Դեշամպը:

Ըստ նրա, պեղումներն Էրեբունիում թույլ տեցին անել բացահայտումներ, որոնք կարևոր են ամբողջ տարածաշրջանի հետուրարտական շրջանի զարգացման տեսակետից: «Պեղումները ոչ միայն կարևոր հնագիտական նշանակություն ունեն, այլ նաև հնարավորություն են տալիս ճիշտ կազմակերպել «Էրեբունի» արգելոց-թանգարանի վերակառուցումը: Հուսով եմ, որ 2017-ին պեղումների նոր ծրագիր կմեկնարկի»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

«էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցի տնօրեն Գագիկ Գյուրջյանը հայտնել է, որ այդ բացահայտումները 8-ամյա հնագիտական ծրագրի արդյունք են, որն իրականացվել է Ֆրանսիայի աջակցությամբ:

«Մի քանի օրից ծրագիրն ավարտվում է, սակայն մենք դիմել ենք Ֆրանսիայի դեսպանին` խնդրելով շարունակել այն: Ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն կարևոր հնագիտական հայտնագործություններ անել, այլ նաև հող է պատրաստում միջազգային համագործակցության համար, որի նշանակությունը դժվար է գերագնահատել»,-ասել է Գյուրջյանը:

Նա հայտնել է, որ պեղումները 2018-ին նշվելիք Երևանի 2800-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքների մասը դարձան:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի և արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ Էրեբունի հնավայր էր այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Էրեբունի ամրոցի միջնաբերդում հայ-ֆրանսիական գիտատեխնիկական համագործակցության շրջանակում պեղումներ են իրականացվում 2008-ից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---