ԼՂՀ-ին փոխանցումները կազմել են մոտ 4.562 մլրդ դրամ. 50%-ը ծախսվել է

ԼՂՀ-ին փոխանցումները կազմել են մոտ 4.562 մլրդ դրամ. 50%-ը ծախսվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվության ներկայացումը:

Ազգային ժողովում հաշվետվությունը ներկայացրել է օպերատիվ շտաբի ղեկավար, վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստացված ոչ դրամական արժեքները գույքագրվել են կառավարության պահեստներում, պարենային ապրանքները համակարգվել են գյուղհիմնադրամի կառույցների, իսկ իրային օգնությունը՝ ներդրումային հիմնադրամի միջոցով:

Հաշվետվության համաձայն 100-ից ավելի նոր մեքենա է տրամադրվել պաշտպանության նախարարությանը, փրկարար ծառայությանը, շտապօգնության կայաններին և պետական կառավարման համակարգերին՝ հիմնականում շրջանային:

Դրամական փոխանցումները կազմել են մոտ 4.562 մլրդ դրամ: Հուլիսի 1-ի դրությամբ՝ ստացված գումարի մոտ 50 տոկոսը ծախսվել է, որից հատկացումներ են կատարվել ինժեներական աշխատանքների իրականացման և զորակոչված քաղաքացիների դրամական փոխհատուցման համար:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաշվետվությունը կներկայացվի նաև հասարակական-քաղաքական շահագրգիռ շրջանակներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացում, այս ուղղություններով համապատասխան հաշվետվություններով հանդես են եկել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Օպերատիվ շտաբի առավել մանրամասն հաշվետվությունն օրերս կներկայացվի կառավարության մամլո ծառայության կողմից:

Ապրիլի առաջին օրերին, ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու նպատակով, ստեղծվել է կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբ, որը համակարգել է այդ օրերին աշխարհի տարբեր կողմերից Արցախ առաքվող դրամական, նյութական և այլ կարգի օգնությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---