Ադրբեջանում մահացել է ապրիլին ծանր վիրավորված տանկիստը

Ադրբեջանում մահացել է ապրիլին ծանր վիրավորված տանկիստը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում մահացել է շփման գծում ապրիլյան մարտերի ժամանակ ծանր վիրավորված տանկիստ Տագիև Ռահիմ Ղարա օղլուն, որն այս ընթացքում կոմայի մեջ էր: Հուլիսի 10-ի առավոտյան նա մահացել է Բաքվի զինվորական հոսպիտալում:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Այդին Միրզազադեն:

Տանկիստը ծանր վիրավորվել էր ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, Մարտակերտի ուղղությամբ: Նա վիրավորվել էր գլխից և 3 անգամ վիրահատվել: Բժիշկներն ասում էին, որ նա դուրս չի գա կոմայից, հայտնում է «Էխոն»:

Տագիևին հուղարկավորել են Մինգեչաուրում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---