Գյուղնախ. Ինչպես արագ վերականգնել խաղողի կարկտահարված այգիները

Գյուղնախ. Ինչպես արագ վերականգնել խաղողի կարկտահարված այգիները

PanARMENIAN.Net - Այգեգործական շրջաններին մեծ վնաս պատճառած կարկտահարությունից հետո գյուղնախարարությունը ներկայացնում է խաղողի կարկտահարված այգիների արագ վերականգնմանն ուղղված միջոցառումները:

Հուլիսի 10-ի երեկոյան` ժամը 20:30-21:30-ի սահմաններում, ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնպես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները:

Կարկտահարությունից ուժեղ վնասվածության դեպքում անհրաժեշտ է էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել, կախվել կամ թափվել են` թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շվերի հիմքի 2-3 հանգույցները` տերևներով: Վազի թևերի վրա այսպիսի խորը էտը նպաստում է բազմաթիվ բճաշվերի բազմամյա մասերի քնած բողբոջներից, ինչպես նաև մատերի հիմքի անկյունային աչքերից առաջացած շվերի ինտենսիվ աճին:

Խոր հատումներից հետո վազի վրա անհրաժեշտ է թողնել համեմատաբար քիչ քանակությամբ շվեր և աչքեր, 10-15 օր անց բազմամյա մասերի քնած աչքերից, միամյա մատերի հիմքի աչքերից և կարճ էտված կանաչ շվերի հանգույցներից մեծ թվով շվեր են աճում` ստեղծելով համեմատաբար խիտ սաղարթ: Երբ շվերի հիմնական մասը կունենա 5-6 տերև, անհրաժեշտ է կատարել շվատում` հեռացնելով ձևավորման համար ոչ պիտանի շվերը:

Վազը կապահովվի ասիմիլյացիոն մակերեսով, անհրաժեշտ քանակությամբ շվերով ու բճաշվերով, որոնք լավ երաշխիք են հանդիսանում տնկարկների հաջորդ տարվա բերքատվության ապահովման համար:

Շատ ուժեղ վնասվածության դեպքում խիստ վնասված թևերի վրա անհրաժեշտ է կատարել խորը էտ` դրանք կարճացնել մինչև առողջ մնացած կամ քիչ վնասված մասերը: Թևերից և ենթաթևերից պետք է թողնել ձևավորման համար համապատասխան դիրք ունեցող քիչ վնասված մասերը: Դրանց վրայի վնասված մատերը կարճացնել մինչև հիմքի 2-4-րդ հանգույցները` պահպանելով դրանց վրա եղած շվերի հիմքերը` անկյունային աչքերով:

Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Կանաչ շվերի փայտացումն ապահովելու և վազերի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով պետք է այգին սնուցել` 150-170 կգ ֆոսֆորական (սուպերֆոսֆատ) և 70-80 կգ կալիումական (կալիումական աղ) պարարտանյութերով: Ազոտական պարարտանյութերով լրացուցիչ սնուցումը կարող է խոչընդոտել շվերի փայտացմանը, ուստի անհրաժեշտ է խիստ սահմանափակել դրանց օգտագործումը: Պարարտացումից հետո, առանց ուշացման, այգին պետք է խնամքով ջրել, այնուհետև ժամանակին կատարել հողի մշակության և մոլախոտերի դեմ տարվող մյուս աշխատանքները:

Կարկտահարված վազերի կանաչ օրգաններն ավելի զգայուն են հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Ուստի ժամանակին, առանց ուշացման, անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցառումներ վազերի կանաչ օրգանները հիվանդություններից ու վնասատուներից պաշտպանելու համար, ասվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը::

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---