Զորացրվող զինվորների համար տեխնոլոգիական կրթության և զբաղվածության ապահովման ծրագիր է մշակվել

Զորացրվող զինվորների համար տեխնոլոգիական կրթության և զբաղվածության ապահովման ծրագիր է մշակվել

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և զբաղվածության ապահովում» ծրագիրը, որի նպատակն է ինժեներական հիմնարար գիտելիքներ և հմտություններ փոխանցել ապրիլյան մարտական գործողությունների մասնակից, զորացրված կամ առաջիկայում զորացրվող ժամկետային զինծառայողներին, վիրավոր զինածառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:

Հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում աճող ակտիվությունը և մասնագետների պահանջարկը շուկայում՝ ծրագիրը միտված է լուծելու դասընթացն ավարտած անձանց զբաղվածության խնդիրը, ինչպես նաև նրանց մեջ սերմանելու տեխնոլոգիական ձեռներեցության հմտություններ:

Ներկայումս ԻՏՁՄ-ն ՀՀ (ներառյալ ԼՂՀ) դպրոցներում ու ուսումնական կենտրոններում հիմնել է մոտ 130 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ, որտեղ էլ նախատեսվում է իրականացնել «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և զբաղվածության ապահովում» ծրագիրը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է: Վերջին տարիներին ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց. գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ:

Ծրագիրն իրականացվելու է դասընթացների միջոցով: Ծրագրի տևողությունը 6 ամիս է: Յուրաքանչյուր ուսումնական խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը 15 անձ: Դասընթացը հնարավորություն կտա խմբում ընդգրկված անձանց տիրապետելու ծրագրավորման հիմնական սկզբունքներին՝ սկսած նախնական համակարգչային ծրագրավորման լեզվից (Scratch) մինչև բարձր մակարդակի ծրագրավորման լեզու (JavaScript), ինչպես նաև սովորել ռոբոտաշինության սկզբուքները: Վերը նշված լաբորատորիաներում առկա են եռաչափ տպիչ, շաղափային հաստոց, ռոբոտի հավաքածու և համակարգիչներ: Նախատեսվում է, որ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Երևանում առաջին դասընթացը կանցկացվի հուլիսի 15-ին:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է.

• Անձը հաստատող փաստաթղթով և զինվորական գրքույկով ներկայանալ տարածքային զինվորական կոմիսարիատ և հաշվառվել:

• Հաշվառվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային կենտրոնում գործազուրկի կամ աշխատանք փնտրողի կարգավիճակ ստանալու համար: Հաշվառվելիս անձը պետք է ցանկություն հայտնի ծրագրավորողի մասնագիտություն ձեռք բերելու համար:

• Կապ հաստատել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) սույն ծրագիրը համակարգողի հետ՝ զանգահարելով +374-11-54-88-81 (ներքին՝ 12) հեռախոսահամարով:

Ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Զինվորական կոմիսարիատը, ասվում է ԻՏՁՄ հաղորդագրության մեջ: :

Դեռևս ապրիլ ամսին ԻՏՁՄ հայտարարել էր ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում հավաքագրվում է կամավորների և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000-ին՝ որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:Միությունն արդեն միավորում է ՏՏ ոլորտի մոտ 70 կազմակերպություն, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---