Տուխել. Մխիթարյանը հսկայական ազդեցություն ուներ «Բորուսիայի» վրա, նրա մեծ երկրպագուն եմ

Տուխել. Մխիթարյանը հսկայական ազդեցություն ուներ «Բորուսիայի» վրա, նրա մեծ երկրպագուն եմ

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ասել է, որ ամենից շատ կկարոտի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հուլիսի 2-ին Դորտմունդի «Բորուսիան» հաստատեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին տեղեկությունները:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյուին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը:

«Մենք երեք առանցքային խաղացող կորցրեցինք՝ Հումելսին, Գյունդողանին և Մխիթարյանին:

Մենք նրանց պահելու համար արեցինք ամեն բան, բայց այդ ֆուտբոլիստների համար արված առաջարկները չափազանց լավն էին: Հեռացած ֆուտբոլիստները հսկայական ազդեցություն ունեին թիմի վրա: Նրանք օրինակ էին մյուսների համար: Թերևս, ամենից շատ կկարոտեմ Հենրիխ Մխիթարյանին:

Ես նրա մեծ երկրպագուն եմ: Իսկ հիմա անհամբերությամբ սպասում եմ թիմի նորեկների հետ աշխատելուն», ասել է Տուխելը, Goal-ին հղումով գրում է Aravot.am-ը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առաջին խաղն անցկացնելու է իր նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Ըստ գերմանական Bild-ի, «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն կվճարի Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվում է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---