Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան` «Ոսկե ծիրանի» շրջանակում

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան` «Ոսկե ծիրանի» շրջանակում

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում: Ֆիլմի պրեմիերան կայացել է հուլիսի 12-ին հենց երևանյան փառատոնի շրջանակում, հայտնում է Panorama.am-ը:

Հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին լիամետրաժ խաղարկային ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն իրական պատմություն է, գրվել է 1995 թվականին, տպագրվել է ԼՂՀ-ում, այնուհետև Լոս Անջելեսում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ծ. Խաչատրյանն ասաց, որ իր ամուսնու ծննդավայրը բռնազավթել էին, միայն մի մարդ էր մնացել իր աղջկա հետ:

«Ես գրեցի պատմվածքը: Համառոտ պատմեցի Ջիվան Ավետիսյանին, ասաց, որ կարելի է դրանից լավ ֆիլմ սարքել, բայց այնպես ներկայացնել, որ ծննդավայր կորցնելը ոչ միայն հայի ցավն է, այլ համամարդկային ցավ է, այսինքն ազգային խնդիրը բարձրացրեց համամարդկային մակարդակի վրա: Շեշտը դրվել է հոգեբանականի վրա՝ քիչ խոսք, քիչ բառեր, ավելի շատ հերոսների խաղ, աչքեր, դիմախաղ և այդպես լցնել այդ լռությունը: Դա ռեժիսորի մոտ ստացվել է»,- ասել է պատմվածքի հեղինակը:

Ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի խոսքով, ֆիլմում շատ կարևոր էր աղջկան փրկելը. «Պատերազմ, մարդիկ եզրագծում են, բայց փորձում են մարդ մնալ: Աղջկան փրկելը կարևոր է, որ վաղը կյանքը շարունակվի»:

«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։

Ջիվան Ավետիսանը նշել է, որ ֆիլում տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին խաղում և նրանք որոշում ընդունեցին խաղալ ֆիլմում օբյեկտիվ ընկալման արդյունքում. «Երկար աշխատել ենք դերասանների հետ, որպեսզի նրանք ընկալեն մեզ: Սանդրա Դաուկսայտե Պետրուլենը նախքան ֆիլմում նկարահանվելը, եղել է Արցախում, շփվել հասարակ մարդկանց հետ: Ես տվել եմ նրան հայկական մամուլի արձագանքը, նաև ադրբեջանական արձագանքը ղարաբաղյան դեպքերին: Ասել եմ, որ եթե ձեզ հետաքրքրում է, կարդացեք, որոշում կայացրեք, հակառակ երկրի կողմից ագրեսիվ արձագանք է լինելու»:

Հայաստանից դուրս ֆիլմի մասսայական ցուցադրություն տեղի չի ունեցել, բայց, ըստ ռեժիսորի, արդեն շատ մասնագետներ, ովքեր ծանոթացել էին միայն սցենարին, դիտել ֆիլմը միայն մոնտաժված մակարդակում, վստահորեն ասել են, որ ֆիլմն իր ասելիքը կարող է հասցնել աշխարհին:

«Անկեղծ խոստովանում եմ, որ եթե ֆիլմի ասելիքն այդքան զորեղ չլիներ, չէր կարող ստանալ այդքան երկրից աջակցություն, ի զորու չէինք լինի հավաքվել ֆիլմի բյուջեն, այսքան դերասաններ տարբեր երկրներից»,- ասել է Ջ. Ավետիսյանը:

Հունիսի 22-ին ներկայացվել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմը:

«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը ներկայացրել է, թե ովքեր են հյուրընկալվելու Հայաստանում` կինոփառատոնի շրջանակում:

«Այս տարի կինոփառատոնի հյուրը կլինի հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթը, որի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը կլինի նաև. կցուցադրվեն «Ամերիկյան գիշեր», «Սպանություն արևելյան ճեպընթացում» և «Բուլիթ» ֆիլմերը: Բիսեթին նաև մրցանակ կհանձնենք: Բացի այդ` կլինեն հետահայաց ցուցադրություններ` սերբ կինոռեժիսոր Ժեմիլիր Ժիլնիկի և անվանի ռեժիսոր ու օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի: Երկուսն էլ կլինեն Հայաստանում»,- հայտնել է Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի նախագահ է ընտրվել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Ընթերցեք նաև. «Ոսկե ծիրան»-ի 3-րդ օրը. Կինոդիտումներ, վարպետության դաս, ցուցահանդես, պրեմիերա

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---