Արժույթի միջազգային հիմնադրամ. ԻՊ-ը Թուրքիային նավթ է վաճառում

Արժույթի միջազգային հիմնադրամ.  ԻՊ-ը Թուրքիային նավթ է վաճառում

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հրապարակած «Սիրիայի պատերազմի տնտեսությունը» վերնագրով զեկույցի համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիային նավթ է վաճառում:

ԱՄՀ-ն տվյալներ ունի այն մասին, որ ԻՊ-ը օրական 30.000-80.000 բարել անմշակ նավթ է վաճառում Իրաքին, Հորդանանին, Լիբանանին, Թուրքիային և հենց Սիրիայի կառավարությանը, թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նշվում է նաև, որ մի շարք սիրիական փոքր ու մեծ ընկերություններ տեղափոխվել են Թուրքիա, իսկ իրենց արտադրանքը կրկին վաճառում են Սիրիային: Դրա շնորհիվ Թուրքիայից Սիրիա արտահանումը 2014թ. կրկին հասել է 1.8 միլիարդ դոլարի: Իսկ մինչ այդ՝ 2011թ. ծագած պատերազմի պատճառով դեպի Սիրիա արտահանման ծավալները կտրուկ նվազել էին: Օրինակ, 2012թ. այդ ցուցանիշը կազմել էր ընդամենը 500 մլն դոլար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2015-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու նրա ընտանիքը ներգրավված են Իսլամական պետության գրաված նավթահորերից նավթի անօրինական մատակարարարման համակարգում:

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հայտարարությոան համաձայն՝ ԻՊ նավթի գլխավոր սպառողը Թուրքիան է: Նավթը ԻՊ գրաված տարածքներից Թուրքիա է հասնում 3 երթուղով: Արևմտյան երթուղով նավթը հասնում է Միջերկրական ծովի թուրքական նավահանգիստներ, հյուսիսայինով՝ Պատմայի նավթավերամշակման գործարան, արևելյանով՝ Ջազրի բնակավայր:

Որպես ապացույց՝ ՌԴ ՊՆ-ը ներկայացրել է արբանյակից արված լուսանկարները, որոնցում բենզատարներ են երևում, որոնք նավթը տեղափոխում են Թուրքիայի տարածք:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---