Դավիթ Բաբայան. Չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով

Դավիթ Բաբայան. Չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով

PanARMENIAN.Net - Պաշտոնական Ստեփանակերտը դրական ակնկալիքներ ունի ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի մոսկովյան հանդիպումներից, որոնց օրակարգում լինելու է ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է Panorama.am-ը:

«Մենք արժևորում ենք նման հանդիպումները, մանավանդ որ այսպիսի երկու հեղինակավոր պետություն, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՄԱԿ-ի ԱԽ անդամ են, շահագրգռված են, որ հակամարտությունը կարգավորվի ու կարգավորվի խաղաղ ճանապարհով: Միգուցե նման հանդիպումների ժամանակ ինչ-որ քայլ կկատարվի մեխանիզմների մշակման ուղղությամբ, որոնք պետք է խաղաղությունն ու կայունությունը էլ ավելի ամրապնդեն», -հավելել է Բաբայանը:

Դիտարկմանը, թե բանակցող կողմերի՝ Վիեննայում, այնուհետև Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից հետո սահմանային միջադեպերի հետաքննող մեխանիզմների ներդրման ուղղությամբ շոշափելի առաջընթաց չկա, Բաբայանը արձագանքել է, որ դա երկարատև գործընթաց է:

Նա հավելել է նաև. «Վիեննայում եղել է ընդհանուր համաձայնություն կողմերի միջև, ինչը շատ կարևոր է: Նույնը եղել է նաև Սանկտ Պետերբուրգում: Սա այնքան երկարատև գործընթաց է, որ համաձայնությունից հետո պետք է սկսվի մշակման պրոցես, որը նույնպես շատ բարդ է: Ներկա դրությամբ դեռևս պետք չէ ասել, թե առաջընթաց չկա: Կարևորն այն է, որ մեկնարկել է, բայց որևէ մեկը չի ասել, թե մեխանիզմների ներդրումը պետք է մեկ ամսում կամ չգիտեմ՝ երեք ժամում պետք է տեղի ունենա: Սա շատ երկարատև գործընթաց է»:

Նրա խոսքով, մեխանիզմների ներդրման գործընթացի ձգձգումը կարող է լինել նաև Ադրբեջանի պատճառով, քանզի այդ երկիրը հայտնի է իր «ապակառուցողական քաղաքականությամբ»:

Անդրադառնալով հայաստանյան քաղաքագիտական շրջանակներում տարածված այն տեսակետին, որ բանակցային սեղանին դրված է լրամշակված կազանյան փաստաթուղթը, որով հայկական կողմը զիջում է որոշակի տարածքներ ԼՂ միջանկյալ կարգավիճակի դիմաց, Բաբայանն ասել է, որ դրանք շահարկումներ են:

«Դա չի նշանակում, թե իրավիճակն այդպիսին է: Նախ և առաջ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը. Եթե չենք մասնակցել այս կամ այն բանակցություններին կամ այս կամ այն քննարկմանը, ինչպե՞ս կարող ենք պարտավորություն վերցնել մեզ վրա: Մենք կարող ենք պարտավորություն վերցնել մեզ վրա, որպեսզի խաղաղությունը պահպանվի, քանի որ համարվում ենք 1994 թվականին կնքված զինադադարի համաձայնագրի անմիջական կողմ: Մնացած դեպքերում, մինչև բանակցային գործընթացի մասին հստակ տեղեկություն չլինի, խոսել այս կամ այն լուծման մասին, ճիշտ չէ», -հավելել է ԼՂՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:

Նա վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով ու հավելել. «Բայց ինչպիսի՞ փոխզջում: Չի կարող լինել զիջում, այն էլ՝ միակողմանի: Փոխզիջումը պետք է լինի համարժեք: Այդ փոխզիջումը կամ կարգավորումը չպետք է գայթակղություն ստեղծի Ադրբեջանի մոտ, որպեսզի նա հարցը կարգավորի ռազմական ճանապարհով: Մենք ասել ենք, որ չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով»:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---