ԱԱԾ-ն ավարտել է ԱԷԿ-ում բազմամիլիոնանոց չարաշահումների գործով նախաքննությունը

ԱԱԾ-ն ավարտել է ԱԷԿ-ում բազմամիլիոնանոց չարաշահումների գործով նախաքննությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը և վերանորոգման, նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ և օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է, իսկ դրանով պետությանը պատճառված 783.6 մլն դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը` ռուսական ВВЭР-440 ռեակտորով: Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը տրամադրում է այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---