Ճարտարապետները նախագահից պահանջում են անհապաղ դադարեցնել «Զվարթնոց»-ի հին շենքի ապամոնտաժումը

Ճարտարապետները նախագահից պահանջում են  անհապաղ դադարեցնել «Զվարթնոց»-ի հին շենքի ապամոնտաժումը

PanARMENIAN.Net - Հայաստանի վաստակավոր ճարտարապետները «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ապամոնտաժման վերաբերյալ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարհսյանին՝ հայտարարելովքաղաքաշինության ոլորտում պետական մրցանակների շնորհման ենթահանձնաժողովում անդամակցության դադարեցման մասին:

Երևանի քաղաքապետարանը 2015-ի դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։ Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հունվարի 13-ին հայտարարել է, որ «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում:

«Մենք՝ ՀՀ նախագահին առընթեր հայրենական ճարտարապետության ու քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի շնորհման հանձնախմբի անդամներս, խորապես մտահոգվելով վերջին տասնամյակում հանրապետությունում մեկ ճարտարապետության ազգային ժառանգության հանդեպ սեփականատերերի նախաձեռնմամբ սկիզբ առած բարբարոս վերաբերմունքից, փաստելով խնդրի առիթով հանրությունում օր օրի հնչեցվող տագնապի ու պահանջի հանդեպ պետական կառույցների թևաթափ կեցվածքն ու անտարբեր պահվածքը, ինչի հետևանքով անդառնալիորեն չքացան պետական պահպանման ցուցակներում ներառված բազմաթիվ շենքեր ու շինություններ, որոնց ճակատագրին այժմ արժանանում է «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը, հայտարարում ենք ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում պետական մրցանակների շնորհման ենթահանձնաժողովում մեր անդամակցության դադարեցումը և կոչ անում սառեցնել այդ ենթահանձնաժողովի գործունեությունը», - ասված է հայտարարության մեջ:

Հավելվում էր, որ ենթահանձնաժողովի գործունեությունը պետք է դադարեցնել այնքան ժամանակով, քանի դեռ չեն խստացվել ու չեն կիրարկվել Հայաստանի ամբողջ տիրույթում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը երաշխավորող օրենսդրական ակտերի անվերապահ կիրառումը:

Նշվում է, որ այս առնչությամբ, որպես առաջին և անհետաձգելի քայլ, ճարտարապետները հորդորում են անհապաղ դադարեցնել Հայաստանի պետական մրցանակի արժանացած ու միջազգայնորեն իբրև 20-րդ դարի երկրոդ կեսի հետխորհրդային տիրույթում իրականացված ճարտարապետական լավագույն կառույցը ճանաչված «Զվարթնոց» օդանավակայանի «անհիմն ապամոնտաժումը՝ մինչ նրա վերագործարկման նախագծի քննարկումն ու հաստատումը»:

Հանրային խորհրդում մարտի 22-ին տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի՝ օդանավակայանների միջազգային պահանջներին համապատասխանեցման առաջարկների քննարկումը, որի ընթացքում շենքի ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանն ու շենքի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանը ներկայացրել են իրենց առաջարկները:

Ճարտարապետ Շեխլյանը, ով ապրում է արտասահմանում, նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները երբևէ չի լսել իրեն՝ որպես «Զվարթնոց»-ի համահեղինակ ճարտարապետի, և չի քննարկել իր կողմից ներկայացված նախագիծը կլոր մասնաշենքի վերակառուցման և գործարկման վերաբերյալ:Նրա առաջարկված նախագծով օդանավակայանի այսօրվա գործող շենքը փոքրիկ կամուրջով միանում է կլոր մասնաշենքին, ինչն այն լիարժեք օգտագործելու հնարավորություն է տալիս:

«Իմ նախագծով ստացվում է ինքնաթիռների 15 կայանատեղի, կոնցեսիոների պլանով՝ 10, ինչպես նաև մեծ չափի ինքնաթիռներ չեն կարող վայրէջք կատարել մեր օդանավակայան: Կոնցեսիոներին իր ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 5000 քառակուսի մետր տարածք, ինձ՝ 300, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող 13 հազար 400 քառակուսի մետրը: Եթե կոնցեսիոներին պետք է $101 մլն-ի ներդրում, իմ նախագծի իրականացման դեպքում անհրաժեշտ է մինչև $20 մլն: Եթե իրենց ծրագրի իրականացման համար պետք է 4 տարի, իմ դեպքում մեկ տարին բավարար է»,- պարզաբանել էր ճարտարապետը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---