Ինչ անել weekend-ին. Լողավազաններ, ստենդափ շոու, ֆորում և ձմերուկի փառատոն

Ինչ անել weekend-ին. Լողավազաններ, ստենդափ շոու, ֆորում և ձմերուկի փառատոն

PanARMENIAN.Net - Կարծես, իսկական հայկական ամառ է. դուրսն անտանելի շոգ է, արևն այրում է, ամենուր օդի մեջ խորովածի բույրն է, արձակուրդների սեզոնն է մոտենում:

PanARMENIAN.Net ը ներկայացնում է մի քանի հետաքրքիր տարբերակ հատուկ նրանց համար, ովքեր դեռ աշխատում են, չեն մեկնել արձակուրդների և անհամբեր սպասում են հանգստյան օրերին լիցքաթափվելու համար:

Ջուրը կփրկի շոգից

Հայկական արևի ամենամեծ առավելությունն այն է, որ շատ հեշտ է ձեռք բերել գեղեցիկ արևայրուք անգամ առանց հանգստի մեկնելու՝ քաղաքային պայմաններում: Սակայն պետք է զգույշ լինել, երկար չմնալ արևի տակ ծանր հետևանքներից խուսափելու համար:

Քանի որ այս տապից միայն ջուրը կփրկի, առաջարկում ենք հուլիսի 16-17-ին գնալ «Ռեժինէ» հյուրանոցային համալիրի բացօթյա լողավազանում կայանալիք փարթիին, որի ընթացքում, ինչպես նշում են կազմակերպիչները, դիջեյները կապահովեն որակյալ երաժշտություն: Հյուրանոցային համալիրը գտնվում է Նորքի այգիներ փողոցում: Կազմակերպիչները նշում են, որ այդտեղի լողավազանային փարթիները կդառնան ամենօրյա, առաջինը տեղի ունեցավ հենց այսօր՝ հուլիսի 15-ին: Միջոցառումն ամեն օր կսկսվի ժամը 11:00-ից և կշարունակվի մինչև 19:00, մուտքը՝ տոմսերով:

Ավանում գործող Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի կամ, ինչպես ավելի հաճախ են ասում, ֆուտբոլի ակադեմիայի բացօթյա լողավազանը, թերևս, հայտնի է յուրաքանչյուր երևանաբնակին: Այն նախընտրում են թե՛ երիտասարդները ընկերական խմբերով հաճախելու համար, թե՛ ընտանեկան հանգիստը լողավազանում վայելել ցանկացողները: Լողավազանը միշտ մարդաշատ է, սակայն բոլորի համար էլ գտնվում է տեղ, մուտքը՝ վճարով:

Ձմերուկի փառատոն և ամառային այգու բացում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 16-ին ժամը 18:00-ից Կարապի լճում կմեկնարկի ամենամյա դարձած Ձմերուկի փառատոնը: Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբելու է նաև քարվինգի մասնագետներին. փառատոնին մասնակից ընկերությունները կառաջարկեն ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ, որոնցից լավագույնների հեղինակները կպարգևատրվեն: Փառատոնը կուղեկցվի հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Սա կլինի արդեն 4-րդ նմանատիպ փառատոնը Երևանում:

Հուլիսի 13-ին Երևանում պաշտոնապես բացվել է «Ռեդիսսոն բլու» առաջատար հյուրանոցային ցանցին պատկանող «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցային համալիրը: Իսկ հուլիսի 16-ին տեղի կունենա հյուրանոցի Larder Park ամառային այգու պաշտոնական բացումը, որի ընթացքում հյուրերի համար կնվագեն քաղաքի լավագույն դիջեյները: Միջոցառման սկիզբը կլինի ժամը 20:00-ին, մուտքը՝ հրավիրատոմսերով:

Երևանը ջազ է լսում

Հուլիսի 16-ի երեկոյան «Էնոտեկա» գինետունն ու գինիների մասնագիտացված խանութը կազմակերպում է ջազի հատուկ երեկո՝ Վահագն Հայրապետյան տրիոյի և Նյու-Յորքից ժամանած սաքսոֆոնիստ Զեյդ Նասերի մասնակցությամբ: Ջազի երեկոն կարող եք վայելել ժամը 21:00-ից սկսած, մուտքն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են:

Հուլիսի 16-ին ժամը 21:00-ին «Յանս» մյուզիք հոլում ջազ կատարումներով հանդես կգան Allusion բենդն ու Սրբուհի Սարգսյանը: Երեկոն կշարունակվի մինչև կեսգիշեր, մուտքավճարը՝ 2000 դրամ:

Հուլիսի 16-ին կենդանի երաժշտության երեկո է կազմակերպում նաև «Էլ Սքայ» բարը: Այնտեղ ժամը 20:00-ից սկսած ջազ կատարումներով հանդես կգա Կարինե Առուստամյանն իր բենդով, մուտքն անվճար է:

Հուլիսի 17-ին «Մեցցո» երաժշտական ակումբում «Կադենս» անսամբլը կկատարի հայ և արգենտինյան կոմպոզիտորների գործերը: Ներկաները հնարավորություն կունենան լսելու ջութակ, կիթառ, ակորդեոն, դաշնամուր ևկոնտրաբաս: Երեկոն կսկսվի ժամը 21:30-ին:

Կրթվում ենք և լիցքաթափվում

Հուլիսի 16-ին ժամը 15:00-21:00 Երևանում տեղի կունենա մասշտաբային SMM ֆորում ինտերնետ մարքեթինգի, վաճառող կոնտենտի և գրաֆիկական դիզայնի մասին: Ֆորումի ընթացքում կխոսեն հայ և արտասահմանից ժամանած փորձագետներ: Ինչպես նշված է ֆորումի ֆեյսբուքյան էջում, դրա ընթացքում մասնակիցները կիմանան SMM տենդենցների, կիրառվող գործիքների մասին առաջատար մասնագենտերի կողմից, կստանան աշխատանքային ձեռնարկ ինտերնետ մարքեթինգի վերաբերյալ ինքնուրույն ֆեյսբուքյան էջերը կառավարելու և առաջխաղացնելու վերաբերյալ, ինչպես նաև կստանան մասնակցության հավաստագիր: Ֆորումն անցկացվելու է «Կոնգրես» հյուրանոցում, տևելու է 6 ժամ, մասնակցության արժեքը՝ 10.000 դրամ, գրանցվել կարելի է այստեղ:

Հուլիսի 17 ժամը 19:00-ին «Ռետրո» ակումբը կազմակերպում է հումորային երեկո՝ Stand Up Comedy Show: Ստենդափի ընթացքում հանդես կգան երիտասարդ արտիստներ, որոնք կպարգևեն երեկոյի հյուրերին ժպիտներ ու ծիծաղ, առողջ հումորի մի մեծ չափաբաժին և անսահման բարձր տրամադրություն, խոստանում են կազմակերպիչները: Հումորային շոուն կսկսվի ժամը 19:00-ից, մուտքն ազատ է:

Կինոսերների համար

Այս օրերը սպասված էին բոլոր կինոսերների կողմից: Երևանում անցկացվում է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում քաղաքում են գտնվում աշխարհահռչակ ռեժիսորներ և դերասաններ: Կինոփառատոնը կավարտվի հուլիսի 17-ին:

Այս հանգստյան օրերին ֆիլմերի սիրահարները կարող են հետևել միջազգային կինոփառատոնի իրադարձություններին, ինչպես նաև բաց չթողնել մայրաքաղաքի կինթատրոններում անցկացվող ֆիլմերի ցուցադրությունները: Այսպես, «Սինեմա Սթար» և Kino Park կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Սառցե դարաշրջան:Բախումն անխուսափելի է» (Ice Age: Collision Course), «Մինչ քեզ հանդիպելը» (Me Before You), «Ծանծաղուտ» (The Shallows), «Խաբեության պատրանք 2» (Now You See Me 2), «Հանճարը» (Genius), «Հարսանեկան տենդ» (Mike and Dave Need Wedding Dates), «Լրտես ու կես» (Central Intelligence), «Տարզան: Լեգենդը» (The Legend of Tarzan), «Առաջին Դեմք», «Մեծ և բարի հսկան» (The BFG):

Շոփինգ

Շոփինգի սիրահարներին ներկայացնում ենք Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գործող խանութ-սրահներում մեկնարկած սեզոնային զեղչերը: Այսպես, ‎ZARA,‬ ‪‎Bershka,‬ ‪‎Pull & Bear,‬ ‎Oysho,‬ Jennyfer‬, Massimo Dutti‬, Okaidi, Accessorize, Marks & Spencer, New Look, Garage, SuitBlanco, LaSenza, Bossini, Wallis, GAP, TopShop, Celio, Promod, F&F, Caprisa, Women'secret, Aldo, Baldi, Crocs, Bata, Mango, Basic Center‬, Parfois‬, Premium One‬, Salute CO խանութներում մեկնարկել են ամառային զեղչերը մինչև 50%, իսկ որոշներում մինչև 60-70%:

Իսկ հայկականի սիրահարներին առաջարկում ենք հուլիսի 16-ին ժամը 19:00-ին այցելել Սիրահարների այգի, որտեղ տեղի կունենա հայկական նոր ապրանքանիշի` «Փետուր»-ի (Petoor) շնորհանդեսը: Միջոցառումը բաղկացած է լինելու 2 մասից՝ շնորհանդես և afterparty բացօթյա հարթակում: «Փետուր»-ը արտադրում է գիշերազգեստներ, որոնք նախատեսված չեն միայն քնելու համար։ Այցելուներին սպասվում են բազում անակնկալներ խաղարկության տեսքով, ինչպես նաև գինու հյուրասիրություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---