ՊՆ-ն ամերիկյան հրաձգային վարժասարքեր է ձեռք բերել

ՊՆ-ն ամերիկյան հրաձգային վարժասարքեր է ձեռք բերել

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ից ՀՀ զինված ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնում մեկնարկել է ամերիկյան մասնագետների կողմից անցկացվող Թիրախների խոցման և հրաձգության լազերային վարժասարքերի սարքավորումների շահագործման և վերանորոգման երկշաբաթյա դասընթացը:

«ՄԱՅԼՍ» համակարգի վարժասարքերը հայկական կողմը ձեռք է բերել ամերիկյան կառավարության «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում մոտ մեկ տարի առաջ: Սարքավորումների ստացումից հետո ամերիկյան կողմը իրականացնում է «ՄԱՅԼՍ» համակարգի ընթացիկ սպասարկում` պարբերաբար կազմակերպելով շահագործման և վերանորոգման դասընթացներ:

Նշված վարժասարքերը հնարավորություն են ընձեռում մարտական տեխնիկայի և հրաձգային զինատեսակների կիրառմամբ ուսումնական անգդակ փամփուշտներով իրականացնել զորավարժություններ մարտական գործողություններին հնարավորինս նմանեցված պայմաններում: Առաջիկայում նախատեսվում է ՀՀ առաքել նաև «ՄԱՅԼՍ» համակարգի սարքավորումների համակարգչային կենտրոնը և օժանդակ սարքավորումները: Նշված տեխնիկայի կիրառումը հնարավորություն կտա համաժամանակյա հետևել «ՄԱՅԼՍ» համակարգի սարքավորումների կիրառմամբ իրականացվող զորավարժություններին մասնակից ստորաբաժանումների տեղաշարժին, գործողություններին և իրականացնել զորավարժության արդյունքների վերլուծություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել «ՄԱՅԼՍ» սարքավորումների լրացուցիչ խմբաքանակի ձեռքբերում ևս երկու վաշտի համար, որը հնարավորություն կտա սարքավորումների կիրառմամբ անցկացվող զորավարժությունները բարձրացնել մինչև գումարտակի մակարդակ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ զինված ուժերի 2016-ի ուսումնական պատրաստության պլանի համաձայն` հուլիսի 12-ից ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շտաբում մեկնարկել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքներ:

Հավաքների նպատակն է առավել կատարելագործել հրամանատարական կազմի մասնագիտական ունակություններն ու բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը: Հավաքների մասակիցների հետ անցկացվում են հրամանատարական պատրաստության գործնական, ցուցադրական և մեթոդական պարապմունքներ, ստուգողական հրաձգություն, խմբային վարժանքներ, սպորտ-մասսայական ու մշակութաժամանցային միջոցառումներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---