Նախարարի խորհրդական. Կրթական համակարգի ուռճացված ապարատը կրճատվելու է

Նախարարի խորհրդական. Կրթական համակարգի ուռճացված ապարատը կրճատվելու է

PanARMENIAN.Net - Նախարարի կողմից իրականացվող նոր բարեփոխումների զգալի մասը վերաբերելու է կրթական համակարգում ուռճացված ապարատի կրճատմանն ու պետական միջոցների տնտեսմանը: Այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Նաիրա Հայրապետյանը:

Հայրապետյանը վերջերս է նշանակվել նախարարի խորհրդական: Կառավարության նախավերջին նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ շեշտադրեց կրթական ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի՝ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը. կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև բուհական կրթության արդյունավետության բարձրացումը:

«Կրթական համակարգը այն ռազմավարական նշանակության ոլորտն է, որի վիճակից կախված է լինելու գրեթե ամեն ինչ մեր երկրում: Ամուր պետություն չի կարող լինել առանց որակյալ ու դաստիարակված քաղաքացու, զարգացող տնտեսություն չի կարող լինել առանց բարձրակարգ մասնագետների, քաղաքավարի ու օրինավոր կացութաձև չի կարող լինել առանց կիրթ ու գրագետ մարդկանց և այլն:

Այս ամենն իրականացնելու համար անշուշտ պետք է սկսել դպրոցից: Դպրոցը պետք է երեխային տա արդիական գիտելիք ու բարձր մակարդակի դաստիարակություն: Հանրակրթությունը պիտի լինի օպտիմալ ժամանակային իմաստով, տարիների կտրվածքով, որակյալ և, բնականաբար, մատչելի ու հասանելի բոլորի համար:

Բարեփոխումների զգալի մասն ուղղված է դրան», - ասել է Հայրապետյանը, գրում է Aravot.am-ը:

Նրա խոսքով, բուհերի կառավարման համակարգում տեղի են ունենալու փոփոխություններ, որոնց արդյունքում բուհը ապահովելու է ավելի մեծ թվով ու որակյալ ուսումնական գործընթացի մասնակցող ուսանողներ, քան վարչական ապարատ, որի պահպանման ահռելի ծախսերը կգնան և ուսման մատչելիության, և որակի վրա:

«Կրթական համակարգում կան գումարներ, դրանք շրջանառվում են և օրինական, և ապօրինի դաշտերում, բայց երկու դեպքերում էլ կան պետական համակարգից կամ համակարգված դաշտից դուրս շրջանառություններ: Բարեփոխումների փաթեթով վերանայվելու են և լուծման ուղղությամբ են գնալու նաև այս խնդիրները: Նախարարը հիմա համակարգում է շատ լուրջ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման գործընթացը, որը կառավարության հավանությանն արժանանալուց հետո աշնանային նստաշրջանին կներկայացվի Ազգային ժողովին», - տեղեկացրել է նախարարի խոհրդականը:

Նրա խոսքով, այդ բարեփոխումներով սկսվելու է նոր փուլ մեր երկրի կրթական մակարդակի որակական փոփոխության ճանապարհին: Վերջապես լուծվելու են մինչ օրս հանրությանը անհանգստացնող բազմաթիվ խնդիրներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---