«Հիմնադիր խորհրդարան». Սեֆիլյանն առանց ցնցման հարցը լուծելու տարբերակ է առաջարկել

«Հիմնադիր խորհրդարան». Սեֆիլյանն առանց ցնցման հարցը լուծելու տարբերակ է առաջարկել

PanARMENIAN.Net - Էրեբունիում ՊՊԾ գնդի տարածքում գիշերը հանգիստ է անցել, պատանդ վերցված մեկ ոստիկանի ազատ են արձակել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի առաջարկությամբ։ Այդ մասին հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, որը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի՝ իրենց կողմից գրաված տարածքում է, հայտնում է Aravot.am-ը:

«Ալեք Ենիգոմշյանը եկավ այստեղ, փոխանցեց Ժիրայր Սեֆիլյանի ասածը՝ որպես բարի կամքի դրսևորում մեկ հոգու էլ ազատ թողնենք։ Մենք էլ մի երիտասարդի ազատ թողեցինք, նա մի քիչ լավ չէր զգում իրեն, ալերգիա ուներ»,- ասել է Վարուժան Ավետիսյանը։

Այս պահին հինգ պատանդ կա պարեկապահակային ծառայության գնդի Էրեբունիում գտնվող ու «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավված տարածքում։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է հերթով ազատ թողնեն և իրենց մոտ պահեն միայն բարձրաստիճան ոստիկաններին՝ Օսիպյանին և Եղիազարյանին` ՀԽ-ի փոխնախագահն ասել է՝ «Չգիտեմ, ընթացքը ցույց կտա»:

Վարուժան Ավետիսյանը հավելել է. «Մենք շարունակում ենք պահանջել, որ Սեֆիլյանը գա այստեղ։ Բայց մինչ այդ, ինքը սկսել էր առաջարկությամբ հանդես գալ 3-րդ տարբերակով՝ առանց ցնցման հարցը լուծելու տարբերակով։ Չեմ կարող հրապարակել, թե ինչ տարբերակի մասին է։ Հիմա տեսնենք, քննարկում, բանակցություն կա, տեսնենք ինչ կլինի»:

ՊՊԾ գնդի գրավված տարածքում ինտերնետն անջատված է, դրսի հետ կապը, ինչպես ասել է Ավետիսյանը, պահպանում են բջջային հեռախոսակապի միջոցով։

Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---