Արտահանումը ՌԴ չի տուժել Վերին Լարսի փակ լինելու պատճառով

Արտահանումը ՌԴ չի տուժել Վերին Լարսի փակ լինելու պատճառով

PanARMENIAN.Net - Վերին Լարսի սահմանային անցակետի ժամանակավոր փակումը չի անդրադարձել Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների վրա: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Այս տարի արտահանման լավ դինամիկա կա: Առաջին 5 ամսում Հայաստանից արտահանվել է մոտ $666 մլն ապրանք, որի 20%-ն արտահանվել է Ռուսաստան: Սա բավականին լավ ցուցանիշ է և մինչ տարեվերջ ակնկալվում է ՌԴ արտահանման ծավալների աճ մինչև $270-280 մլն»,-հայտարարել է Սաֆարյանը` հավելելով, որ Վերին Լարսի փակման պատճառով արտահանողներից շատերը օգտվեցին լաստանավերից: Այդ պատճառով ապրանքների գները կարող են մի քանի ցենտով բարձրանալ:

Սաֆարյանն անհրաժեշտ է համարում այլընտրանք գտնելը Լարսին, որպեսզի ամեն անգամ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ չառաջանան, հայտնում է ԱՌԿԱ-ն:

«Վերին Լարսի հետ ամեն տարի ինչ-ինչ խնդիրներ են առաջանում, ժամանակն է այլընտրանք գտնել: Այլընտրանքը կարղ է լինել Ցխինվալով ճանապարհը, Հյուսիս-Հարավ մայրուղին, որի շինարարությունը հարկավոր է արագացնել, ինչպես նաև ներդրումներ ներգրավել այլ երկրներից, օրինակ, Չինաստանից: Կարևոր է նաև Իրան-ՀՀ երկաթուղու կառուցումը, որում շահագրգռված է նաև Իրանը»,-ասել է նա:

Ըստ Սաֆարյանի, լավագույն տարբերակը կլինի աբխազական երկաթուղու բացումը: «Սակայն այստեղ քաղաքական խնդիրներ կան: Կա ևս մեկ ճանապարհ` թունել կառուցել Վերին Լարսում, ինչն, անշուշտ, շատ ծախսատար է: 3 անգամ փորձել են 24 կմ թունել և 180 կմ երկարությամբ երկաթուղի կառուցել, բայց 3 անգամ էլ փորձերը ձախողվել են: Հիմա հարկավոր է վերադառնալ այդ հարցին, քանի որ Լարսը ամենակարճ ճանապարհն է դեպի Ռուսաստան»,-ասել է նա:

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Հուլիսի 19-ին Լարսը բաց կլինի մինչև 20:00-ն

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---