ՀՀ-ում նախատեսվում է 30 մՎտ հզորությամբ երկրաջերմային կայան կառուցել

ՀՀ-ում նախատեսվում է 30 մՎտ հզորությամբ երկրաջերմային կայան կառուցել

PanARMENIAN.Net - Մեկնարկել են Քարքարի երկրաջերմային կայանի կառուցման նպատակով իրականացվող հորատման աշխատանքները։ Կատարված երկրաբանական հետազոտությունների արդյունքների հաստատման դեպքում նախատեսվում է այստեղ կառուցել 30 մեգավատ հզորությամբ երկրաջերմային կայան, որը կարտադրի տարեկան մինչեւ 250 մլն կՎտ էլեկտրաէներգիա։

Հորատման աշխատանքներն իրականացվում են Կլիմայի ներդրումային հիմնադրամի տրամադրած 9 մլն դոլար դրամաշնորհային միջոցներով և կառավարության շուրջ 2 մլն դոլար համաֆինանսավորմամբ։ Նախատեսվում է երեք հորատանցքների փորում, որոնց խորությունը կհասնի 1,5 հազար մետրի։ Ստացված արդյունքների հիման վրա կտրվի տարածքի երկրաջերմային ռեսուրսի վերջնական գնահատականը։ Ըստ այդմ, կհայտարարվի միջազգային մրցույթ՝ կայանի կառուցման նպատակով ներդրողներ գտնելու համար։ Առաջնայնությունը կտրվի նվազագույն սակագին առաջարկող մասնակցին։

Կայանի կառուցումը գնահատվում է մոտ 100 մլն դոլար։ Որպես այդպիսին, այն էկոլոգիապես մաքուր և վերականգնվող էներգառեսուրս է, որը ճիշտ աշխատելու դեպքում կարող է դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության երկարաժամկետ աղբյուր, հայտնում է էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի էներգետիկայի ոլորտի ռազմավարության կարևոր նպատակն է ավելացնել երկրի կախվածությունը մաքուր, երկրի ներսում արտադրվող վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից: Այդ նպատակի իրագործման հիմնական ուղղություններից մեկը երկրաջերմային էներգիան է:

Քարքարի տեղանքի երկրաջերմային ներուժն ուսումնասիրվում է սկսած 1932թ.։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղանքում առկա է երկրաջերմային արդյունավետ ռեսուրս։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---