Ակտիվիստներն ահազանգում են ծեծի ու նվաստացումների մասին. Ոստիկանությունը քննություն է սկսել

Ակտիվիստներն ահազանգում են ծեծի ու նվաստացումների մասին. Ոստիկանությունը քննություն է սկսել

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին Օպերայի հարակից տարածքից ոստիկանության բաժանմունքներ վարչական բերման ենթարկված ակտիվիստները ծեծի ու նվաստացումների են ենթարկվել: Այդ մասին «Քաղակտիվիստների բերման ենթարկումը Երևանում զինված հարձակումից հետո. իրավական գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը: Նա ասել է, որ բերման ենթարկված քաղաքացիներին ոչ միայն ծեծի են ենթարկել, այլ նաև ստորացրել, հայտնում է Armtimes-ը:

Հուլիսի 18-ին Ազատության հրապարակից բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ, այդ թվում քաղաքացիական ակտիվիստներ Դավիթ Սանասարյանը, Լևոն Զաքարյանը և Արտուշ Չիբուխչյանը, որոնց ոստիկանանական ծեծից հետո տեղափոխել էին հիվանդանոց:Ցուցարարները մտադիր էին երթով շարժվել Խորենացի փողոց:

Իոաննիսյանի խոսքով՝ բերման ենթարկված ակտիվիստներին տեղափոխել են ոստիկանության ներքին զորքերի Դավիթաշենի բաժին. «Զորամասում կոնցլագերային պայմաններ են եղել, բոլորին տարել, լցրել են մի դահլիճի մեջ, ռազմագերու կարգավիճակով պահել են, իսկ ում հետ հին հաշիվներ են ունեցել, դուրս են հանել դահլիճից՝ դրսում ծեծի ենթարկել: Դավիթ Սանասարյանի ու մի քանի երիտասարդի նկատմամբ խոշտանգման երևի ամենավերին աստիճանն է եղել, այդ ծեծի հետևանքով Սանասարյանը ոչ միայն ուղեղի ցնցում է ստացել, այլ նաև՝ ստորացում: Ստիպել են, որ տղաները համբուրեն ոստիկանների կոշիկները, թքել են տղաների վրա, դե հայհոյանքների տեղատարափի մասին խոսելն անիմաստ է»,-ասել է նա:

Իոաննիսյանի ներկայացմամբ՝ Սանասարյանին մինչ զորամաս հասցնելը ողջ ճանապարհին ծեծի են ենթարկել այն աստիճանի, որ գիտակցությունը կորցրել է. ուշքի է եկել ջրի շփոցից: «Տղաների խոսքով ոստիկաններից մեկը նման բան է ասել՝ ձեր լավ ժամանակները պրծան, հին ժամանակները եկան, ու սրանից հետո սենց է լինելու»,-ասել է Իոաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ ոստիկաններին համակարգից է նման հրահանգ տրվել:

Մինչդեռ ոստիկանությունը հայտարարել է, որ հուլիսի 18-ին Օպերայի հարակից տարածքից ոստիկանության բաժանմունքներ վարչական բերման է ենթարկվել 9 քաղաքացի, որոնցից 8-ը Վարչական իրավունքի վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համապատասխան արարք է կատարել, իսկ մեկը՝ 172 (պրիմ3) հոդվածի։ Այս մասին ասել է ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը, հայտնում է Tert.am-ը:

«Ոստիկանական բաժանմունքներում կազմվել է արձանագրություն,այնուհետև բերման ենթարկված բոլոր քաղաքացիները շատ արագ ազատ են արձակվել։ Բերման ենթարկվածներից երկուսը դիմել է բժշկական կենտրոններ՝ մարմնական վնասվածքի համար, ևս 2 անձ էլ բժշկական կենտրոն է դիմել Օպերայի տարածքից»,- ասաց նա։

Զարզանդ Գաբրիելյանը նաև տեղեկացրել է, որ 4 դեպքերով կատարվում է հետաքննություն,համապատասխան փորձաքննություն և բոլոր դեպքերով նշանակվել է ծառայողական քննություն։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել ոստիկանության կողմից քաղաքացիներինկատմամբ բռնության ու վատ վերաբերմունքի գործադրման վերաբերյալ բոլոր հաղորդումներն ու տեղեկությունները: Ուսումնասիրվել են նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացած ահազանգերի, քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու վերաբերյալհաղորդումների կապակցությամբ քննություն իրականացնելու հարցով գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն:

Բոլոր այն հաղորդումներով կամ հրապարակումներով, որոնք պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության առերևույթ հատկանիշներ, գրություններ են ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքովսահմանված ընթացակարգ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Այդ հաղորդումների թվում են Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի և մի շարք այլ քաղաքացիների հաղորդումները, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---