Փոխնախարար. Անին ընդգրկվել է ՅՈԻՆԵՍԿՕ-ի ցանկում հստակեցված հայկականությամբ

Փոխնախարար. Անին ընդգրկվել է ՅՈԻՆԵՍԿՕ-ի ցանկում հստակեցված հայկականությամբ

PanARMENIAN.Net - Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկումը կարևոր է Հայաստանի համար այն առումով, որ մշակութային հուշարձանները վերցվում են միջազգային կազմակերպության հսկողության ներքո: Այս մասին հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, հայտնում է Panorama.am-ը:

Ստամբուլում հուլիսի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում որոշում է ընդունվել Անին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Հայտը ներկայացրել էր Թուրքիան:

Մշակույթի փոխնախարարն ասել է, որ Թուրքիան հայտը ներկայացրել էր մի քանի տարի առաջ, ԻԿՕՄՕՍ-ի կողմից արված դիտողությունների արդյունքում ուղարկվել էր լրամշակումների: Ըստ նրա, լրամշակված և ներկայացված տարբերակում ներկայացած էր հուշարձանի ծագումը, ինքնությունը, այսինքն՝ հայկականությունը հստակեցված էր, ինչը Հայաստանի համար ամենակարևոր դրույթներից մեկն էր:

«Գործնականում ի՞նչ է տալիս: Ոչ միայն կոչում, նաև հանրահռչակման տեսանկյունից է կարևոր դարձնում: Մեզ համար ամենակարևորն այն է, որ հուշարձանի պահպանության, պաշտպանության համար որոշակի երաշխիքներ են ստեղծվում: Հուշարձանի հետ կատարվող գործողությունները՝ պահպանություն, վերականգնում, տուրիստական հոսքերի կառավարում, պարբերաբար զեկուցվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին այն երկրի կողմից, որը ներկայացրել է հայտը: Բոլոր առումներով պետք է պահպանվեն համապատասխան չափորոշիչները, չհեռանան հուշարձանի նախնական տեսքից»,- ասել է փոխնախարարը:

Ներսես Տեր-Վարդանյանը տեղեկացրել է, որ Անին որպես Հայաստանի Բագրատունյանց թագավորության մայրաքաղաք ամբողջությամբ ներկայացնելու համար, հատուկ գրքույկ էր հրատարակվել ու տարածվում էր այն մարդկանց շրջանում, ովքեր որոշակի ազդեցություն կարող էին ունենալ որոշման ընդունման վրա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման տեքստում, մասնավորապես, նշվում է, որ «քաղաքը դարեր ի վեր կառուցապատվում էր քրիստոնեական, ապա` մահմեդական տոհմերի կողմից: Քաղաքի ծաղկման շրջանը 10-11 դրարերում էր, երբ այն Բագրատունիների հայկական թագավորության մայրաքաղաքն էր դարձել ու հարստացել էր Մետաքսի ճանապարհի ճյուղավորումներից մեկին գտնվելով` տուրքեր գանձելու շնորհիվ: Ավելի ուշ` բյուզանդացիների, սելջուկների ու վրացիների ենթակայության տակ գտնվելով, պահպանել է իր կարևոր նշանակությունը: Մոնղոլների ներխուժումն ու 1319 թ. երկրաշարժը քաղաքի անկման սկիզբը դարձան: Անին միջնադարյան ճարտարապետության զարգացման արտացոլում է` շնորհիվ 7-13 դդ տարածաշրջանին բնորոշ գրեթե բոլոր ճարտարապետական ոճերի առկայությանը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---