Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ժամանել է Չինաստան` «Բորուսիայի» դեմ խաղին

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ժամանել է Չինաստան` «Բորուսիայի» դեմ խաղին

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրապարակել է այն 25 ֆուտբոլիստի անունները, որոնք կմասնակցեն Չինաստանում կայանալիք 2 խաղին «Բորուսիայի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Հայտագրվածների ցանկում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հուլիսի սկզբին համալրեց անգլիական ակումբի կազմը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ընդգրկված խաղացողների թվում է նաև ակումբի մեկ այլ նորեկ Էրիկ Բային, ինչպես նաև Եվրո-2016-ի մի քանի մասնակիցներ` Ուեյն Ռունին, Մարկուս Ռեշֆորդը, Քրիս Սմոլինգը, Փեդդի Մաքնեյրը և Դավիթ դե Խեան: Ընդգրկված են նաև վնասվածքից հետո վերականգնված պաշտպան Լյուկ Շոուն և «Ուիգանի» հետ խաղում գոլերի հեղինակներ Ուիլ Քինն ու Անդրեաս Պերեյրան:

«Բորուսիայի» հետ խաղը տեղի կունենա հուլիսի 22-ին Շանհայում, իսկ հուլիսի 25-ին Պեկինում Մխիթարյանի ակումբը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այս ուղևորությունը հնարավորություն կտա Մոուրինյուին մանրակրկիտ գնահատել իր թիմի հնարավորությունները նոր խաղաշրջանին նախապատրաստվելիս:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյուին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա:

Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Ընթերցեք նաև. Մխիթարյան. Սկզբնական շրջանը նոր ակումբում միշտ բարդ է, բայց շուտով կընտելանամ

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---