Էկոնոմիկայի նախարար. Զինված խմբի անդամները պետք է հանձնվեն

Էկոնոմիկայի նախարար. Զինված խմբի անդամները պետք է հանձնվեն

PanARMENIAN.Net - Իրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որ հանդուրժողականությունը տիրի, ողջախոհությունը հաղթի և զինված հարձակումը կազմակերպած անձինք ընկալեն, որ ՀՀ-ում պետք է գործի օրենքը, սահմանադրական նորմը և օր առաջ որոշում կայացնեն հանձնվելու մասին: Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո` անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պահակակետև գրավելուն և դրան հաջորդած ակցիաներին, հայտնում է Tert.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե իր համար այդ մարդիկ ապստամբնե՞ր են, թե՞ ահաբեկիչներ` Արծվիկ Մինասյանն ասել է, որ քրեական օրենսգրքի հոդվածներում նկարագրված «պատանդ վերցնել» արտահայտությունը ինչ է նշանակում: «Ինչ վերաբերում է այլ ընկալումներում, ապա ես վստահ եմ, որ դա առաջիկայում քննարկվելու է»,-ասել է նա:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ նախարարն ասել է. «Այնքանով, որքանով հետևել եմ ոստիկանության գործողություններին, ես նույնիսկ բարձր եմ գնահատում հանդուրժողականության այն մակարդակը, որ ցուցաբերվեց»:

Չնայած դրան՝ նա նշել է, որ եթե մանրամասն քննություն կատարվի, ապա համոզված է, որ կարող է առանձին դրվագներ, դեպքեր լինեն, երբ կա ոչ իրավաչափ վարքագիծ և ոչ համաչափ դրսևորում:

«Երբ առանձին դրվագներում տեսնում էինք, որ ակնհայտ սադրիչներ կան, որոնք հրահրում են բախումներ, այդ մարդիկ նաև վերջին հաշվով բոլորի իրավունքների ոտնահարման գործողություններ են իրականացնում»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե իշխանությունը լռում է, ապա նա ասաց, որ վարչապետը հայտարարություն է արել, և որոշ մարդկանց համար այդ հայտարարությունը ոչինչ չասող է, ոմանց համար ամեն ինչ ասող է։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ իրավիճակը խիստ մտահոգիչ է, իշխանություններն ամեն ինչ անում են հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: «Այն, ինչ տեղ ունեցավ գնդում, անթույլատրելի է և դատապարտելի, որովհետև բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների: Դա վտանգավոր և անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է, իշխանությունն ամեն ինչ անում է և անելու է՝ հասնելու հարցի խաղաղ հանգուցալուծմանը»,- ասել է նա:

«Ես, որպես կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ասում եմ, որ այս պահին գործընթացը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում։ Թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել: Ավելին՝ ես համոզված եմ, որ այն տղաները, գոնե մի մասին, որոնց ես էլ եմ ճանաչում և ովքեր որ Արցախի ազատագրական պայքարում ներդրել են իրենց կյանքը, այդ մարդիկ նույնպես ողջախոհություն կդրսևորեն և հանդես կգան կոնկրետ իրավիճակը լիցքաթափելու գործողություններով»,-ասել է նա և նշել, որ իր համար ակնհայտ է, որ անհանդուրժողականությունը հասարակությունում դարձել է այն աստիճան, որ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձևերով:

«Եթե մենք անգամ մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, ապա ակնհայտ է, որ դա ձև չէ: Ես տեսնում եմ նաև հասարակական գործիչների հայտարարություններ, որոնք փորձ են անում այս դեպքերը զուգորդել ազգային-ազատագրական պայքարի հետ, որոնք ոչ միայն տեղին չեն, խեղաթյուրում են ամեն ինչ, նաև ազգային արժանապատվությանը հարված է նման համեմատություններ տալը»,-ասել է նա:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Հուլիսի լույս 21-ի գիշերը բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան: 02:30-ի տվյալներով, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը հասել է 51-ի, նրանցից 28-ը` ոստիկան:

Ընթերցեք նաև.Քննչական կոմիտեն զանգվածային անկարգությունների դեպքով քրգործ է հարուցել. 16 մարդ ձերբակալվել է

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---