11  21.07.16 - ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փաշինյան. Եթե ներկայությունս ցանկալի չէ, ուրեմն Խորենացիում անելիք չունեմ

Փաշինյան. Եթե ներկայությունս ցանկալի չէ, ուրեմն Խորենացիում անելիք չունեմ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում ընթացող բողոքի ակցիան ղեկավարելու կամ կոորդինացնելու որևէ հավակնություն չունի ու ինչպես նախկինում, այդպես էլ այժմ պնդում է ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը:

Այդ մասին ինքը Փաշինյանը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, հստակեցնելով Էրեբունու ՊՊծ գնդին հարող տարածքում ծավալվող իրադարձություններում իր մասնակցության հարցը:

«Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության իրականացմանը, ուրեմն սրանից հետո Խորենացի փողոցում կլինեմ այն դեպքում, երբ ցուցարարները դրա անհրաժեշտությունը տեսնեն... երեկվա իրադարձություններից և դրան հաջորդած մեկնաբանություններից հետո ես կոնկրետ ինձ համար, մեզ համար անելիք չեմ տեսնում», - ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում հայտնվել էին մարդիկ, որոնք սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, գիշերը մեքենաների անհասկանալի շարժ էր, լոկալ լարումներ, և այդ ամենը ոստիկանների հետ բախման առիթ էր տալիս:

«Հիմա հարց է առաջանում՝ «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դատապարտու՞մ են այդ ամենը, թե՝ ոչ», - ասաց նա:

Պատգամավորը, սակայն, նշեց, որ դա չի նշանակում, թե չի շարունակելու գործունեությունը՝ զոհերից խուսափելու համար:

«Եթե այդ նպատակով պետք լինի լինել Խորենացիում՝ կլինենք Խորենացիում, եթե պետք լինի Ազատության հրապարակում՝ կլինենք այնտեղ, կամ այլ վայրում: Բայց եթե «Սասնա ծռերի» ներկայացուցիրչները պիտի ասեն՝ թող ինքը չգա, քավ լից, ինչի մասին է խոսքը», - նշեց նա:

Փաշինյանն ընդգծեց նաև, որ մշտապես գործել է իր քայլերը «Սասնա ծռերի» հետ համաձայնեցնելով ու երբեք բանակցություններ իրենց անունից չի վարել:

«Ես երբեք չեմ հանդես եկել նրանց անունից: Բանակցում են «Սասնա ծռերի» և իշխանության ներկայացուցիչները... Եվ չկա որևէ գործողություն, որն իրենց հետ չի համաձայնեցվել, սկսած գրավված ՊՊԾ գնդի տարածքում նկարահանումներից», - ընդգծեց նա:

Անդրադառնալով գնդի տարածք սնունդ հասցնելու բարդություններին և հարցի շուրջ ծագած խնդիրներին, պատգամավորն ասաց, որ նման առաջարկով նրան էր դիմել Կարո Եղնուկյանն ու գունդը գրավածներից Վարուժան Ավետիսյանը համաձայն էր իր միջնորդությանը:

Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցող բռնությունները խաղաղ ցուցարարների հանդեպ:

«Ստեղծված վստահության ճգնաժամը կարող է լուծվել միմիայն քաղաքական ճանապարհով», - շեշտեց նա:

Հուլիսի 20-ի երեկոյան ու լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում բախման հետևանքով տուժել է 51 անձ, 26-ը՝ ոստիկան: 136 մարդ բերման է ենթարկվել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---